Նորություններ
Զորակի մանկապարտեզը՝ երեխաների սիրելի վայր
19.10.2018
Այս տարի ապրիլին բացված Զորակ համայնքի մանկապարտեզ են հաճախում ոչ միայն զորակցի երեխաները: Նախապես երկու խմբի համար նախատեսված մանկապարտեզում սեպտեմբեր ամսից բացվել է երրորդ խումբը՝ երեխաներ ընդգրկելով նաև Դաշտավան և Նիզամի համայնքներից:
Զորակի համայնքապետարանի ֆինանսավորմամբ բացված մանկապարտեզը կառուցված է երեխաներին լիարժեք կրթություն ու դաստիարակություն տալու համար նախատեսված բոլոր նորմերին համապատասխան, յուրաքանչյուր խումբ ունի խաղասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ճաշասենյակ ու զգեստափոխության սրահ: 91 սան ունեցող մանկապարտեզում կա մեթոդկաբինետ, մարզասրահ, բուժկետ, խոհանոց և կաթսայատուն, բակում ամիսներ առաջ տեղադրվել են բակային խաղեր ու իրականացվել է կանաչապատում:
Ըստ մանկապարտեզի տնօրեն Ալլա Շթոյանի՝ առօրյան այստեղ բուռն է ու երեխաների ժպիտով լեցուն. նշում են պետական տոները, անցկացվում են առողջ ապրելակերպի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, սերմանում են հայրենասիրություն: Միակ խնդիրը դահլիճի բացակայությունն է, որը, ֆինանսական աղբյուրների առկայության դեպքում, ցանկալին կդարձնի իրականություն: