Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ մարզերում

24.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել` ՀՀ նոր մարզպետների կազմով։ Շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում:

Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման համաժողովներ կազմակերպելու նախաձեռնությանը: Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին վերաբերող կազմակերպչական հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, ովքեր համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կտանեն` նշված կառույցներում սանհանգույցների բարեկարգման ուղղությամբ։ ՏԿԶ նախարարության աշխատակիցներն իրենց հերթին նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով այցելություններ են կատարում մարզեր` տեղերում ուսումնասիրություններ կատարելու և համակարգելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի համաչափ բաշխման խնդրին։ Ոլորտում չարաշահումները բացառելու նպատակով մարզպետներին հանձնարարվել է շարունակել համագործակցությունը ՏԿԶ նախարարության ղեկավարությամբ գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ և հետևողական աշխատանքներ տանել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ:
Օրակարգում ներառված մյուս հարցով ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է հավաքագրման ցածր մակարդակ ունեցող համայնքների ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատճառները, չբացառելով, որ դրանք կարող են կապված լինել ինչպես հանրային լեգիտիմության, այնպես էլ համայնքի ղեկավարի անգործության հետ:

Մարզպետների հետ այսօրվա խորհրդակցությանը քննարկվել են նաև կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին կառավարության կողմից աջակցության տրամադրման, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է մարզպետներին ակտիվորեն աշխատել բարձրացված հարցերի շուրջ` հորդորելով տեղերում բացառել կլանային մտածողության երևույթները:
   www.mtad.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20