Նորություններ
Բացվել է Արտաշատի բժշկական կենտրոնը
29.10.2018
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն ներկա են եղել Արտաշատի գլխավոր բժշկական հաստատության վերաբացման արարողությանը: Դեռևս 2016թ. հունիսից սկսված կենտրոնի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի պատվիրատվությամբ։ 130 մահճակալով հիվանդանոցում գործելու են ժամանակակից սարքավորումներով համալրված թերապևտիկ, վիրաբուժական, շտապօգնության, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, լաբորատորիա:
Շնորհավորելով ազգաբնակչությանն ու բուժանձնակազմին կենտրոնի հիմնանորոգման ու արդիականացման կապակցությամբ՝ Գարիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ ժամանակակից կենտրոնն այսուհետ իսկապես կծառայի քաղաքացիներին, կիրականացնի որակյալ բուժսպասարկում, իսկ բուժանձնակազմը կհամալրվի միմիայն որակյալ, բանիմաց ու իրենց գործին նվիրված մասնագետներով։