Նորություններ
Կայացել է մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը
05.11.2018
Արարատի մարզպետին կից երիտասարդական խորհրդի նոյեմբերի 3-ին կայացած հերթական նիստը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Խորհրդի կազմում ընդգրկված է 3500 և ավելի բնակիչ ունեցող 17 համայնքի ներկայացուցիչ մասնավոր և պետական ոլորտներից:
Գարիկ Սարգսյանի ողջույնի խոսքից հետո խորհրդի անդամները ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, անդրադարձել այն հիմնական հարցերին, որոնք խոչընդոտում են համայնքային կյանքի աշխուժացմանը:
Ի դեպ, մի շարք համայնքներում՝ Վեդիում, Մասիսում, կան գործող կենտրոններ, որտեղ երիտասարդները հավաքվում են, ծավալում քննարկումներ, սովորում լեզուներ, դիտում ֆիլմեր, ինչը հիանալի տարբերակ կարող է հանդիսանալ այլ համայնքներում տեղայնացվելու համար: Ըստ խորհրդի անդամների՝ մշակութային կամ մարզական միջհամայնքային միջոցառումները ևս կարող են խթան հանդիսանալ համայնքային կյանքի աշխուժացման ու երիտասարդացման համար:
Հանդիպման ավարտին Գարիկ Սարգսյանն առաջարկել է դուրս գալ պաշտոնական հանդիպման ձևաչափից և հարցերի ու խնդիրների քննարկման, զարգացած համայնք ունենալու ծրագրեր մշակելու համար հանդիպել հենց համայնքներում՝ ավելի ազատ ձևաչափով և , ինչու ոչ, համայնքի մյուս անդամների ընդգրկմամբ: