Նորություններ
Մարզխորհրդի նիստ
20.12.2018
Այսօր Արարատի մարզպետարանում կայացած մարզխորհրդի տարեվերջյան նիստը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Բացելով նիստը՝ մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհավորել դեկտեմբերի սկզբին կայացած ԱԺ թափանցիկ ու արդար ընտրությունների կապակցությամբ և ավելացրել, որ, անկախ պաշտոնից ու դիրքից, այսուհետ յուրաքանչյուրը պետք է լծվի հայրենաշինության ու պետականաշինության կարևորագույն գործին։
Ըստ մարզխորհրդի օրակարգի՝ առաջինը ելույթ է ունեցել Արարատի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական ապահովության վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը՝ ամփոփ հաշվետվություն ներկայացնելով մարզի համայնքների բյուջեների 11 ամիսների կատարողականի վերաբերյալ։ Խոսելով սեփական և մյուս եկամուտների կատարողականի հավաքագրման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներից և թերացումներից ՝ Գ. Եղիազարյանը թերացումներ արձանագրած համայնքներին հորդորել է մինչև տարվա վերջ լրացնել բացթողումներն ու ապահովել բարձր ցուցանիշներ։
Այնուհետև քաղաքաշինության բնագավառում մարզի համայնքների ղեկավարների գործունեության և 2018թ. 9 ամիսների ընթացքում մարզում ՀՀ պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքների մասին զեկույց է ներկայացրել Քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը՝ անդրադառնալով նաև շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում հաճախ հանդիպող բաղթողումներին և դրանք բացառելու համար առաջարկելով համագործակցություն Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ։ Խոսելով համայնքներում աղբահանության իրականացման գործընթացների մասին՝ Լ. Գրիգորյանը այս ոլորտում արդյունավետ աշխատանք իրականացնելու և ձեռքբերումներ արձանագրելու համար համայնքների ղեկավարներին առաջարկել է կազմակերպել շաբաթօրյակներ ու աշխատանք տանել ազգաբնակչության հետ։
Զեկույցից հետո Գարիկ Սարգսյանն ադրադարձել է համայնքներում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններին սուբյեկտիվ ընթացակարգով ընտրելու տխրահռչակ պրակտիկային և հորդորել այսուհետ չառաջնորդվել բարեկամ-խնամի-ծանոթ կապով, մրցույթներն անցկացնել արդար եղանակով, առավել ևս, որ այսուհետ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի որոշմամբ ներկա են լինելու բոլոր մրցույթներին ու իրականացնելու են ամենօրյա հսկողություն։
Օրակարգի վերջին ելույթը վերաբերել է 2018թ 4-րդ եռամսյակում մարզի համայնքներում մարզպետի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին, որը, ըստ համայնքների ու բնագավառների, ներկայացրել է ՏԻ
և ՀԳՄ վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Դանիելյանը, խոսել մարզի մի շարք համայնքներում իրականացված հսկողության արդյունքներից, հայտնաբերված խախտումներից և դրանց վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքներից: Այս բնագավառներին ևս մարզի ղեկավարը հորդորել է վերաբերվել ամենայն աչալրջությամբ և հնարավորինս սեղմ ժամկետներում շտկել բացթողումները։
Նիստի վերջում 2018թ. սկզբին մարզի տարբեր համայնքներում արձանագրված կարկտահարության և ցրտահարության հետևանքով առավելապես վնաս կրած համայնքներին ՀՀ կառավարության կողմից հատկացված դրամական փոխհատուցման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը և նշել, որ համայնքների հողօգտագործողները փոխհատուցումը կարող են ստանալ իրենց փոստային բաժանմունքներից:
Ամփոփելով տարեվերջյան նիստը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել հաջող տարի, երկրին ու բոլորի ընտանիքներին՝ խաղաղություն, ինչպես նաև՝ արդյունավետ համատեղ աշխատանք: