Նորություններ
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արարատ քաղաք
17.01.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Արարատ քաղաքային համայնք՝ քաղաքը խմելու ջրով ապահովող գլխավոր ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Վթարով պայմանավորված՝ դադարեցվել էր ողջ քաղաքի ջրամատակարարումը: Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանը մարզպետին ներկայացրել են կատարված աշխատանքների ծավալը, տեղեկացրել, որ դրանք գրեթե ավարտին են հասցված, և այսօր արդեն վերսկսվել է քաղաքի ջրամատակարարումը: Վթարի վերացման համար Արարատ քաղաքի բյուջեից հատկացվել է 11 մլն 700 հազար դրամ: Տեղադրվել են 16 մթնոլորտային ճնշման համար նախատեսված 500 մմ տրամագծով նոր պոլիէթիլենային խողովակներ: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Արարատճանշին» , նախագծանախահաշվային աշխատանքները՝ «Գ.Վ. Շիննախագիծ» , տեխնիկական հսկողությունը՝ «Գրիտիգ» ՍՊԸ-ների կողմից: