Նորություններ
Հանրային քննարկում Շաղափ վարչական շրջանում
25.01.2019
Օրեր առաջ Արարատի մարզպետարան այցելած շաղափցիների կողմից բարձրացված մի շարք հարցերի հետքերով այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է մարզի միակ խոշորացված համայնքի՝ Ուրցաձորի մեջ մտնող Շաղափ վարչական շրջանում։
Շաղափի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել խոշորացման իրողության և այլ երևույթների դեմ՝ շեշտելով, որ շաղափցին լիարժեք մասնակցություն չի ունենում տեղական ինքնակառավարմանը։
Մասնակցելով բարձրացված հարցերի լուծման համար Շաղափում այսօր հրավիրված հանրային քննարկմանը՝ մարզպետը ներկաներին հավաստիացրել է, որ խոշորացումն, անխոս, ունի բազմաթիվ դրական կողմեր և որ վարչական շրջանի, համայնքային ենթակառուցվածքների ու համայնքի զարգացումն ընդհանրապես տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում, իսկ համայնքային ծառայության բնագավառում առկա աշխատատեղերը ևս այսուհետ համամասնորեն կբաշխվեն համայնքի մեջ մտնող բոլոր վարչական շրջանների բնակիչների միջև։