Նորություններ
Արաքսավանի և Նոր Ուղու դպրոցները կանցնեն ջեռուցման նոր համակարգի
30.01.2019
ՀՀ կառավարության 2018 թվականի N 1073-Ն որոշմամբ ՀՀ Արարատի մարզպետարանին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների համար հատկացված գումարներով այս պահին Արաքսավան և Նոր Ուղի համայնքների միջնակարգ դպրոցներում ընթանում են ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքներ:
Արաքսավանի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի տեղակայման համար կհատկացվի 13 մլն դրամ, Նոր Ուղու միջնակարգ դպրոցի համար ՝ 9 մլն 500 հազար դրամ: Ներկայումս երկու դպրոցներում էլ ջեռուցումն իրականացվում է էլեկտրական սալիկներով: Ըստ պայմանագրի՝ այս տարվա հունվարի 20-ից սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել փետրվարի երկրորդ տասնօրյակում:
Աշխատանքների կատարման ընթացքին հետևելու նպատակով ՀՀ Արարատի մարզպետարանի, ՀՀ ՏԿԶ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մասնագետները պարբերաբար այցելում են դպրոցներ, հետևում աշխատանքների ընթացքին ու իրականացնում հսկողություն :
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խիստ կարևոր է համարում դպրոցների շենքային պայմանների բարելավումն ու դրանք լոկալ ջեռուցման համակարգով ապահովելու խնդիրը: Մարզպետարանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված հրատապ լուծում պահանջող խնդիրների փաթեթում առաջնահերթության կարգով ներկայացվել են նաև մարզի դպրոցներում ջեռուցման նոր համակարգերի ներդրման կամ փոխարինման ծրագրեր: Դպրոցներում տարբեր ծրագրերով իրականացվող վերոհիշյալ աշխատանքների կատարման ընթացքը մշտապես գտնվում է մարզպետի ուշադրության կենտրոնում: