Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

05.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։

Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ամենաբազմազան խնդիրների համակարգման և կազմակերպված լուծման համար պետական մարմինների միջև հետզհետե խորացող համագործակցությունը էականորեն բարձրացրել է հատվող հիմնահարցերի կարգավորման օպերատիվությունն ու արդյունավետությունը։

Շնորհակալություն հայտնելով Սուրեն Պապիկյանին խորհրդակցությանը ներկա գտնվելու հնարավորության համար՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մարզպետներին խնդրել է փախստականների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նույնականացնել մարզերում գտնվող այն շենքերն ու շինությունները, որոնց վերանորոգման դեպքում դրանք հնարավոր կլինի ծառայեցնել որպես բնակարանային ֆոնդ։ Ըստ ծառայության պետի` նմանօրինակ շինությունների վերանորոգման աշխատանքներին պատրաստ են աջակցել նաև միջազգային գործընկերները։ Արմեն Ղազարյանը նաև առաջարկել է զուգահեռ դիտարկել Երևանին մոտ գտնվող մարզերում սոցիալական բնակարանաշինության մոդելի կիրառումը, որն իր համալիր ամբողջության մեջ կնպաստի փախստականների տեղական ինտեգրացիային։

Անցնելով օրակարգային հիմնական հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է սուբվենցիաների տրամադրման նորացված կարգի ներկայացման նպատակով առաջիկայում նախատեսվող համաժողովի մասին, որտեղ համայնքների ղեկավարներին և տնտեսական պատասխանատուներին մանրամասն կներկայացվի սուբվենցիաների հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման ընթացակարգը։

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, հստակեցնել շաբաթօրյակի սխեմաները, առավել մեծ ծավալով ապահովել ճանապարհաշինարարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը:Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները։ Միջոցառման հանրայնացման և քաղաքացիներին մոտիվացնելու նպատակով նախարարը մարզպետներին ու համայնքների ղեկավարներին առաջարկել է քայլել միջհամայնքային ճանապարհներով, ակտիվ մասնակցել շաբաթօրյակի աշխատանքներին՝ օրինակ հանդիսանալով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքագծի ձևավորման գործում։ 

Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայք 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45