Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն․ մարզպետը կարևորում է լեզուների իմացությունը

07.02.2019

Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։
Դպրոցում այսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի գլխավորությամբ պաշտոնապես բացվեց պարսկերենի դասասենյակն ու տրվեց լեզվի ուսուցման մեկնարկը։
Մարզպետին, Իրանի դեսպանին և մյուս հյուրերին դպրոցի աշակերտները աղ ու հացով, զուռնա-դհոլով դիմավորեցին։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը նախ շնորհավորեց նման հիանալի նախաձեռնության համար, ապա կարևորեց լեզուների իմացությունը։ «Ինչո՞ւ մենք չուսումնասիրենք և չիմանանք մեր բարեկամ հարևան երկրների լեզուները, ինչպիսին է Իրանը, Վրաստանը։ Շատ կարևոր նախաձեռնություն է, ողջունելի է։ Արարատի մարզում Պարսկաստանից ներգաղթյալ մեր հայրենակիցները թվով ամենաշատն են, սա նաև իրենց ժառանգների համար այդ լեզուն չմոռանալու, վերհիշելու, սովորելու ևս մեկ շատ լավ առիթ է։ Արարատի մարզպետարանը՝ Կրթության վարչության հետ համատեղ, հետևողական կլինի, որպեսզի դասապրոցեսը պատշաճ կազմակերպվի, որ երեխաները հանկարծ չհիասթափվեն, այլ հակառակը՝ շատանան, հարակից համայնքից երեխաներ նույնպես ներգրավվեն»,- ելույթի իր խոսքում ասաց Գարիկ Սարգսյանը՝ երեխաներին մաղթելով լավ դասապրոցես։
Իրանի դեսպանի խոսքով՝ Հայաստանում իր առաքելության առաջին իսկ օրից եղել է այս մարզում և անմիջապես հետաքրքրություն է ունեցել նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ «Տեսա երեխաներ, որոնք մեծ շահագրգռվածությամբ ուզում են պարսկերեն սովորել։ Իմ պարտականությունը համարեցի, որ հովանավորեմ այս երեխաներին»,- ասաց դեսպանը։
Արտակարգ և լիազոր դեսպանը նաև պարսկերենի դասագրքեր նվիրեց երեխաներին և հույս հայտնեց, որ աշակերտական դասասեղանին նստած երեխաներից յուրաքանչյուրը, հնարավոր է, վաղը Իրանում ՀՀ դեսպան լինել, ապա կատակեց․ «Գուցե ես՝ որպես ծերուկ, գամ ձեզ մոտ և ողջունեմ։ Կամ, գուցե, չլինեմ այս աշխարհում»։
Վերջինս շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետին՝ աջակցության համար․ «Ուրախ ենք, որ պարոն Սարգսյանի աջակցությամբ և հովանավորությամբ նորից ականատես ենք այս գործընթացի զարգացմանը»։
Պարսկերենի դասընթացը դպրոցում կանցկացնի Ջորջ Աբրահամյանը։ Նշենք, որ երեխաները պարսկերեն կուսուցանեն կամավոր և անվճար, հովանավորում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։ 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20