Նորություններ
Օգտակար խորհուրդներ՝ թունաքիմիկատների հետ աշխատելիս
08.02.2019
Արարատի մարզպետարանում ԱՆ «Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել և իրականացվել է քննարկում մարզում արձանագրված կրծողասպան նյութերով թունավորումների և 2019թ. դրանց կանխարգելման աշխատանքների վերաբերյալ:
Քննարկման ընթացքում մասնաճյուղի մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է 2018թ.-ի և 2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում արձանագրված կրծողասպան նյութերով թունավորման դեպքերի վերլուծությունը, ներկայացվել է առաջարկություններ կրծողասպան նյութերի օգտագործման անվտագության կանոնների պահպանման, անհատական պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև՝ մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և բնակչության շրջանում անհատական պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ հուշաթերթի տարածման, լայնածավալ իրազեկման աշխատանքների իրականացման կարևորության վերաբերյալ:
Թունաքիմիկատներով աշխատելիս հետևեք ստորև ներկայացվող կանոններին․
1. Թունաքիմիկատներ գնելիս՝
1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
2) Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով
2. Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝
1) Շնչառական ուղիներով`
ա) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում)
գ) առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս
2) Մաշկի միջոցով՝
ա) թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանա` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում
գ) թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում
դ) աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում
3) Մարսողական համակարգի միջոցով՝
ա) թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ
բ) թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով
գ) օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում
դ) թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել
ե) այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել
Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:
3. Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշանները՝
1) Գլխացավ, ցրվածություն
2) Գիտակցության մթագնում
3) Սրտխառնոց, փսխում, փորլուծություն
4) Յուրահատուկ հոտով շնչառություն
5) Հաճախասրտություն
6) Շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն
7) Դյուրագրգռվածություն
8) Աչքերի գրգռվածություն
9) Մաշկի վնասվածք՝ խոցեր
10) Մեզում/կղանքում արյան հետքեր
4. Թունաքիմիկատներ օգտագործելիս ձեռնարկեք պաշտպանական միջոցառումներ՝
1) Խուսափե՛ք թունաքիմիկատի թափվելու դեպքերի կամ պատահարների առաջացումից, հատկապես՝ թունաքիմիկատի տեղափոխման ժամանակ
2) Աղտոտված հագուստները լվացե՛ք և պահե՛ք առօրյա հագուստներից առանձին
3) Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակները՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով
4) Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում
5) Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու և ապահով վայրերում
6) Հեռու պահեք թունաքիմիկատները երեխաներից, հղի կամ կերակրող մայրերից
7) Թունաքիմիկատի դատարկ տարաները, նույնիսկ լվանալուց հետո, անվտանգ չեն: Մ՛ի օգտագործեք դրանք պարենային ապրանքներ պահելու նպատակով և մի՛ թողեք երեխաների համար հասանելի վայրերում: Նախքան տարան հեռացնելը, այն ողողեք եռակի անգամ և տարայի վրա անցքեր բացեք, որպեսզի հնարավոր չլինի այն օգտագործել այլ նպատակով:
8) Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար
9) Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս:
5. Թունաքիմիկատներ օգտագործելիս ձեռնարկեք պաշտպանական միջոցներ՝
1) Չի՛ թույլատրվում թունաքիմիկատներով մշակումը իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ
2) Թունաքիմիկատի խառնուրդ պատրաստեք լավ օդափոխվող տարածքում
3) Թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց, ակնոց և այլն)
4) Մի՛ փչեք հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանցած ծայրոցի մեջ
5) Թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը
6) Աղտոտված մաշկը և հագուստը լվացե՛ք առատ ջրով և օճառով
7) Մի՛ օգտագործեք կաթացող կամ այլ թերություններ ունեցող սարքավորումներ
ՀԵՏԵՎԵ՜Ք ՄԵՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ, ԵՂԵՔ ԱՌՈՂՋ