Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մանկապարտեզը հիմնովին կվերանորոգվի․ մարզպետը խոստանում է՝ գործընթացը շարունակական է լինելու

14.02.2019

 Հանքարդյունաբերական միջազգային «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մեկնարկեց Արարատ քաղաքի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը։ Համապատասխան համաձայնագիրը ընկերության և Արարատ քաղաքային համայնքի հետ ստորագրվեց այսօր՝ փետրվարի 14-ին։

Միջոցառմանը ներկա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան անցկացվող աշխատանքներին։ Մարզպետն ու միջոցառման մյուս մասնակիցները մանկապարտեզի երեխաների հետ դիտեցին նաև փոքրիկ միջոցառում։

Ավելի վաղ՝ դեռ 2018 թվականին, ընկերությունը իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որը դարձավ կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը։

Լրագրողների հետ զրույցում մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց՝ մարզպետարանի առաջնահերթ խնդիրներից է երեխաների համար գեղեցիկ և հարմարավետ պայմաններ ստեղծելը։

«Եթե մենք ունենանք լքված, ամբողջովին քայքայված շենքեր, որտեղ ցանկանում ենք կազմակերպել նախադպրոցական կրթություն կամ դպրոցներում միջնակարգ կրթություն, ապա այդ միջավայրը չի տրամադրի երեխաներին, ինչպես նաև՝ առողջության համար է վտանգավոր։ Եթե չլինի ջեռուցում, պատուհանները փոխված չլինեն, լսարանները, քնասենյակները արևոտ չլինեն, երեխաները չեն տրամադրվի։ Ցավոք սրտի, մենք չվերանորոգված մանկապարտեզներ դեռևս շատ համայնքներում ունենք»,- ասաց Գարիկ Սարգսյանը։

Մարզպետը նկատեց՝ պետությունն ամեն ինչ անում է այս ուղղությամբ, բայց շատ կարևորում է նաև տարբեր ընկերությունների արած աշխատանքները․ «Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ, մենք ինքներս մեր խնդիրները լավ իմանալով՝ առաջարկում ենք իրենց՝ ուղղելու իրենց սոցիալական ծրագրերը կոնկրետ դպրոցներ, մանկապարտեզներ։ Զոդ բանավանում կան շատ երեխաներ, որոնք ցանկանում են այցելել մանկապարտեզ, բայց, չունենալով համապատասխան պայմաններ, դժվարություններ են առաջանում։ Այս գործընթացը շարունակական է լինելու»։

Նախագծի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգը» պարտավորվում է վերակառուցման և բարեկարգման աշխատանքները ավարտել երկու տարում։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում մանկապարտեզին կտրամադրվի կահույք և այլ անհրաժեշտ սարքավորումներ։ Նախագիծը ներառում է տանիքի, կոմունիկացիոն հանգույցների նորոգում, ներքին հարդարանք, ինչպես նաև բակային տարածքի և սպորտային հրապարակի բարեկարգում։ Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը իր դռները կբացի նախադպրոցական տարիքի 240 սաների առջև։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինն իր հերթին շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետին և քաղաքապետին՝ իրենց հետ համագործակցելու համար։

«Ի թիվս սոցիալական այլ ծրագրերի՝ «ԳեոՊրոՄայնինգը» առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում երեխաների դաստիարակության և կրթության ծրագրերին, որոնց շահառուներն են ոչ միայն ընկերությունների խմբի աշխատակիցների երեխաները, այլև տվյալ համայնքի բնակիչների երեխաները, որտեղ մենք իրականացնում ենք մեր գործունեությունը։ Առողջ, կրթված և առավելագույնս կյանքին նախապատրաստված երիտասարդ սերունդ ունենալը մեր ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից է»,- նշեց Անատոլի Գոգոտինը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20