Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչներին
18.02.2019
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներն այսօր Արարատի մարզպետարանում էին։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին հետաքրքիր գաղափարներով լի ծրագիր ներկայացրին։
Կազմակերպությունը ցանկանում է մարզի երկու դպրոցներում կառուցել ջերմատուն, երկու այլ դպրոցներում էլ՝ խնձորի այգիներ։
Այս ծրագրով մարզի Սուրենավան, Վերին Արտաշատ և Վեդի համայքների դպրոցներում կառուցվել են ջերմատներ՝ ավելի քան 1100 մ2:
Պիլոտային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, նպատակ ունի տեղական համայնքի հետ համագործակցությամբ զարգացնել դպրոցական այգիները և հզորացնել տեղական գյուղմթերք և գյուղատնտեսական զանազան այլ արտադրանք արտադրելու, պատրաստելու և շուկա հանելու՝ դպրոցի անձնակազմի և տեղական ֆերմերների կարողությունները։
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի անդամները մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնության կարիքն ունեն՝ ընտրելու դպրոցներն ու հետագա աշխատանքը բարեխիղճ կատարելու համար։
Գարիկ Սարգսյանն օգտակար համարեց ծրագիրը՝ խոստանալով հնարավորինս օգնել։ Նա առաջարկում է պիլոտային ծրագիրն իրականացնել Արտաշատի և Մասիսի դպրոցներում՝ շեշտելով, որ նշանակման առաջին իսկ օրվանից իր առաջնահերթություններից է համարել մարզի համաչափ զարգացումը։
Ծրագիրը կմեկնարկի սույն թվականին, կավարտվի 2020 թվականին։ Ծրագիրն իրականացվել է նաև Ղրղստանում, Տաջիկստանում։
Այս գործողությունը կաջակցի Հայաստանի դպրոցական սննդի ազգային ծրագրին հասնելու իր ողջ ներուժին՝ օժանդակելու սոցիալապես և սննդի առումով խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։