Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանի և ՀՀ բուհերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

19.02.2019

Արարատի մարզպետարանում այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Սույն հուշագրով մարզպետարանը պատրաստակամ է համալսարաններին ներկայացնել մարզում առկա որևէ հիմնախնդիր, համալսարաններն էլ իրենց հերթին պատրաստակամ են մասնագիտացված ամբիոններում իրականացվող փորձաքննությունների միջոցով տվյալ հիմնախնդիրներից գիտական հիմքով ձևավորել մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։ Համալսարանները պատրաստակամ են տվյալ թեմաները առաջարկել ուսանողներին՝ ամբիոններում և տեղերում ուսումնասիրություններ կատարելու համար, իսկ մարզպետարանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետազոտություն իրականացնող համալսարանականներին, մասնավորապես, մարզի տարածքում հետազոտություններ իրականացնելու պարագայում լուծել տեղաշարժերի, աշխատանքային տարածքի խնդիրները։ Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ մի շարք այլ գործառույթներ։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շեշտեց՝ նպատակը գիտությունը մարզեր բերելն է։
«Եթե մագիստրոսների պրակտիկան լինելու է մեր մարզում, մենք պատրաստ ենք օգնել մեր ուսանողներին։ Այս պահին մենք մարզերից առաջինն ենք, որ նախաձեռնել ենք այս ծրագիրը, ցանկանում եմ, որ մյուս մարզերի համար սա վարակիչ լինի։ Այս միջոցով փորձում ենք խնդիրների լուծման ավանդական տեսակից անցնել գիտական հենքի։ Շատ խնդիրների համար կան ժամանակակից լավ լուծումներ, որոնք մեր համալսարաններում, ամբիոններում, լաբորատորիաներում ավելի լավ են պատկերացնում։ Փորձենք միահամուռ ուժերով մեր երկիրը մեկ օր առաջ ավելի լավը դարձնել»,- իր խոսքում ասաց Գարիկ Սարգսյանը։
Կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանն էլ շեշտեց, որ ԿԳՆ-ն միշտ պատրաստ է աջակցել նման ծրագրերին՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակներում կատարված հետազոտություններով հնարավոր կլինի զարգացնել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն իր խոսքում նշեց, որ հաճելիորեն զարմացել է, որ Արարատի փոխմարզպետն այցելել է իրենց բուհ և նման առաջարկությամբ հանդես եկել․ «Զարմացած եմ նաև, որ այս հավաքը կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ և ստորագրվեց հուշագիր։ Նախաձեռնությունը շատ ողջունելի է, որովհետև բուհերում հիմնականում աշխատանքները, որ իրականացվում են մագիստրատուրայում, մնում են գրադարաններում։ Բուհից աշխատաշուկա անցումը, բուհ-գործատու կապի ամրապնդման լավագույն օրինակը, կարծում եմ, այս ֆորմատն է»։
Վերջում մարզպետը շնորհավորեց նաև բուհերի ռեկտորներին և պրոռեկտորներին Գրքի օրվա, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ՝ նվիրելով նրանց գրքեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45