Նորություններ
Մասիսում հայերն ու ֆրանսիացիները կտոնեն Բուն Բարեկենդանը
01.03.2019
Մարտի 3-ին Մասիսի Ֆրանկոֆոնիայի բուլվարում մեծ շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության տոներից մեկը ՝ Հայաստանում Բուն Բարեկենդանը, Ֆրանսիայում՝ Mardi gras-ը:
Միջոցառման նպատակն է ֆրանկոֆոնիան տարածել Մասիսում, ստեղծել մշակույթների երկխոսություն և միջմշակութային կապեր հաստատել հայերի և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած ֆրանսիացիների միջև:
«Բուն Բարեկենդան-Mardi gras» մշակույթների երկխոսություն տոնակատարության մեկնարկը կտրվի Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցում ժամը 11:00-ին: Սուրբ պատարագի ավարտից հետո՝ ժամը 13:00-ին, դիմակներով տոնին բնորոշ պաստառներով, դհոլներով, ազգային տարազներով տեղի կունենա տոնահանդես-քայլերթ դեպի Ֆրանկոֆոնիայի բուլվար: Բուլվարում կներկայացվեն երկու երկրների ազգային տարրեր, որոնք բնորոշ են այս տոնին: Կներկայացվի հայկական և ֆրանսիական խոհանոցը, կհնչեն ազգային երգեր, կկազմակերպվեն ազգային պարեր: Ինչպես նաև կլինեն խաղեր, որոնք բնորոշ են երկու երկրներում մեծ շուքով նշվող տոնին:
Բուն Բարեկենդանին կմասնակցեն ինչպես հայեր, այնպես էլ ֆրանսիացիներ, ովքեր ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում: Տոնակատարությանը հրավիրված են նաև «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու «Կարին» պարային համույթը, «Նարեկ» միության անդամները, Մասիս քաղաքի «Սիրոն» թատերախումբը, Մասիսի ուսանողական խորհուրդը, դպրոցների և քոլեջի ներկայացուցիչներն ու աշակերտական կազմը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի և Մասիսի գեղարվեստի դպրոցի տնօրեններն ու ուսուցչական կազմը: