Նորություններ
Սպառողների իրավունքների քննարկում՝ Արարատի մարզում
11.03.2019
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկումն այսօր անցկացվեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։ ՍԱՊԾ մասնագետները խորհրդատվություն անցկացրեցին մարզի տնտեսվարողների, մանկապարտեզների տնօրենների հետ: Վահե Դանիելյանը ներկայացրեց ՍԱՏՄ գործելաոճը, տեղեկացրեց սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված քայլերի, նախատեսվող ծրագրերի մասին: Վահե Դանիելյանը շեշտը դրեց մանկապարտեզներ մատակարարվող սննդամթերքին՝ հորդորելով հնարավորինս ուշադիր լինել և պահպանել իրավական ակտերով սահմանված նորմերն ու պահանջները։ «Շատ են դեպքերը, երբ մարդկանց անտարբերության և ցածր պատասխանատվության արդյունքում գրանցվում են զանգվածային թունավորման դեպքեր։ Երեխաների նկատմամբ վերաբերմունքը պետք է առավելագույնս սրտացավ լինի»,- շեշտեց վերջինս։