Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներին

14.03.2019

«Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներն Արարատի մարզում էին: Նրանց ընդունել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ Գարիկ Սարգսյանը կարևոր է համարել «Հայկական Կարիտաս»-ի և նմանօրինակ կազմակերպությունների կատարած գործունեությունը:

«Ուրախ եմ, որ մեր հանդիպումը տեղի ունեցավ: Շատ ողջունելի է ձեր գործունեությունը: Բազմաթիվ խնդիրներ կան մեր հասարակության մեջ, ընտանիքներում՝ կլինեն բազմազավակ ընտանիքներ, թե անապահով, ինչպես նաև բազմաթիվ են խնդիրները ծնողազուրկ երեխաների շրջանում: Մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օգնության հասնել մարդկանց և այս գործում մեզ օգնության են գալիս «Կարիտաս»-ի պես կազմակերպությունները, որոնք առանց որևէ շահ հետապնդելու՝ օգնում են մարդկանց»,- իր խոսքում ասել է մարզպետ Սարգսյանը:

Կազմակերպությունը մարզում «Փոքրիկ քաղաք» ստեղծելու ծրագիր ունի: Կազմակերպության նախագահ Արհ. Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետին՝ ընդունելության և համագործակցելու պատրաստակամություն հայտնելու համար:

««Փոքրիկ քաղաք»-ը նախատեսված է 600 երեխայի համար: Այս քաղաքի բնակիչները կլինեն անտուն, որբ մնացած երեխաները: Քաղաքում կլինեն իրավաբաններ, ոստիկանություն… : Այստեղ նրանց նորմալ դաստիարակություն կտրվի: Երեխաներն այստեղից դուրս կգան մաքուր և կծառայեն իրենց պետությանը»,- ծրագիրը ներկայացրել են կազմակերպության անդամները:

Նրանց խոսքով՝ երկու-երեք տարի է՝ այս ծրագրի շուրջ աշխատանքներ են տարվում, սակայն այն կյանքի չի կոչվել հողհատկացման խնդիրների պատճառով:

Ողջունելով այս ծրագիրը՝ մարզպետ Սարգսյանը խոստացել է օրենքին համապատասխան կարգով լուծում տալ այս հարցին:

«Հայկական Կարիտաս»-ն, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացման համար: «Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32