Նորություններ
Տեղի է ունեցել 2019 թվականի մարզխորհրդի առաջին նիստը
29.03.2019
ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր՝ մարտի 29-ին, կայացավ մարզխորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Սարգսյանը ամփոփեց Արարատի մարզի 2018թ. սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը։ Մարզպետի ներկայացրած հաշվետվությանը ծանոթացեք այստեղ։
Զեկույցով հանդես եկած Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանը, դիմելով մարզխորհրդի նիստին ներկա գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարներին, տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն հայտերի ուսումնասիրման գործընթացը: Վերջինիս խոսքով՝ ներկայացված սուբվենցիոն ծրագրերում թերություններ կան։ Նա հորդորեց՝ ոչ թե գեղարվեստկան ոճով շարադրված ծրագրեր ներկայացնել, այլ առավել մասնագիտական։
Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը խոսեց նաև մարզի գազալցակայանների հասարակական զուգարանների սանիտարական վիճակի մասին՝ նշելով, որ մարզպետարանի կողմից մարզի ԱԳԼՃԿ-ներում պարբերաբար կատարվում են շրջայցեր: Գազալցակայաններում զուգարանների սանիտարական վիճակը նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուշադրության կենտրոնում է։ Նիստին ներկա ՏԿԶՆ աշխատակիցը նշեց, որ տեսչական մարմնի հետ միասին ստուգումներ են անցկացնելու, եթե գրանցվեն խախտումներ ու 3-5 օրվա ընթացքում չուղղվեն այդ թերությունները, ապա վարչական վարույթներ կիրականացվեն գազալցակայանների սեփականատարերի նկատմամբ, հնարավոր է նաև՝ գազալցակայանների գործունեության ժամանակավոր դադարեցում։
Իր հերթին մարզպետ Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավարներին հորդորեց՝ հետամուտ լինել, որ գազալցակայանների զուգարաններում սանիտարական վիճակը կարգավորվի։ Մարզպետարանի խնդրանքն է համայնքի ղեկավարներին, որ իրենք էլ մասնակցություն ունենան կազմակերպված աշխատանքներում: Խոսքը վերաբերվում է այն համայնքներին, որոնց տարածքում գործում են գազաբենզալցակայաններ:
«Դուք համայնքի ղեկավար եք, ում վարչական տարածքում գազալցակայանի սեփականատերերը գործունեություն են ծավալում։ Մի նայեք՝ ով է գազալցակայանի տերը, իշխանության հետ ինչ կապ ունի, մեզ հետ ինչ հարաբերության մեջ է, օրենքով Ձեզ վերապահված լիազորությունների շրջանակում կարող եք պարտադրել, որ նրանք հասարակական զուգարանում ապահովեն հիգիենիկ պայմաններ։ Սա ամոթ է մեր երկրի համար։ Մենք առաջնահերթ ուշադրությունը դարձնում ենք միջպետական ճանապարհների գազալցակայանների զուգարանների վրա, դրանից հետո անդրադառնալու ենք միջհամայնքային ճանապարների վրա գտնվող գազալցակայանների զուգարաններին»,- իր խոսքում ասաց Գարիկ Սարգսյանը։
Անդրադառալով մարտի 23-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին՝ Լ․ Գրիգորյանը նկատեց, որ անցկացված շաբաթօրյակի ընթացքում մաքրվեց մարզի համարյա ամբողջ տարածքը: Վերջինս, սակայն, մի տխուր փաստ արձանագրեց՝ շատ համայնքապետեր այդ օրը չմասնակցեցին շաբաթօրյակին, զբաղված էին այլ գործերով, բայց, ինչպես Քաղշինվարչության ժամանակավոր պաշտոնակատարը ընդգծեց, համայնքը մաքուր պահելը ղեկավարի առաջնահերթություններից է։ Այսուհետ գործառույթը չիրականացնելու դեպքում վարչական տույժի կենթարկվի այն համայնքի ղեկավարը, որտեղ աղբակույտ կհայտնաբերվի: Համայնքապետերին կանխարգելմանն ուղղված քայլերից առաջարկվում է տեղադրել տեսախցիկներ, կատարել պարբերաբար դիտարկումներ, ձեռնարկել պատժիչ միջոցառումներ՝ կիրառելով վարչական տույժ:
Այս կապակցությամբ մարզպետը համայնքի ղեկավարներին հորդորեց ցերեկային ժամերին իրենք զգոն լինեն, իսկ գիշերվա ժամերին ոստիկանությունը զբաղվի, որ աղբով բեռնված մեքենաները չմտնեն մարզ ու աղբը չդատարկեն մարզի տարածքում․ «Պետք է հետամուտ լինենք, որ ինչ-որ մարդիկ իրենց բիզնեսը չանեն, քաղաքից աղբը չբերեն ու չլցնեն մարզում։ Եթե վարորդը աղբը ուղիղ աղբավայր չի տեղափոխում, ապա մեքենայի ընթացքը կասեցվի, և վարորդի նկատմամբ վարույթ իրականացվի»։
Նիստին զեկույցով հանդես եկած Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն էլ նկատեց, որ գյուղանտնտեսական աշխատանքների շրջանում մի շարք խնդիրներ են առաջ գալիս, սակայն ցանկացած խնդրի ժամանակ մարզպետարանը գյուղացիների կողքին է՝ փորձելով գտնել լուծումներ։
Տեղական ինքնակառավարման և Հանրապետական գործադիր մամինների հարցերով վարչության Տեղական ինքնակառավարման և Համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Դանիելյանը ներկայացրեց, որ բաժինը 2019 թվականի տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված հսկողության, 2019 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքերում ՏԻՄ-երի լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում մի շարք թերություններ է արձանագրել։ Համայնքի ղեկավարներին հորդորեց ուշադրություն դարձնել դրանց և սահմանված ժամկետներում ուղղել առկա թերությունները։ Վերջինս որպես կարևոր խնդիր առանձնացրեց օրենքով հասանելիք չօգտագործված արձակուրդները։ Հորդորեց՝ տրամադրել հասանելիք արձակուրդները, քանի որ հետագայում դրա հետևանքվ կարող ենք կանգնել խնդիրների առաջ։
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնատար Լեռնիկ Խաչատրյանն էլ ներկայացրեց տեղեկատվություն՝ 2019 թվականի եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ։ Գարիկ Սարգսյանն էլ համայնքապետերին հորդորեց՝ ժամանակին վճարել բոլոր հարկերը, որպեսզի պարտքերի կուտակումներ չլինեն։
Մարզպետարանի իրավաբանական բաժնի խորհրդական Մարո Մարգարյանն էլ ներկայացրեց ՀՀ Արարատի մարզի դատախազի միջնորդագիրը՝ բնակարանային գողությունների կանխարգելման վերաբերյալ։ Ըստ դրա՝ մարզում 2018 թվականին աճել են բնակարանային գողությունները։ Մարտի 19-ին Արարատի մարզի դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ միաձայն համաձայնություն են տվել համայնքների բյուջեներում նախատեսել ֆինանսական միջոցներ՝ շքամուտքերը երկաթյա դռներով ապահովելու, այդ դռները կոդավորված փականներով վերազինելու, շքամուտքերում տեսախցիկներ տեղադրելու և լուսավորություն ապահովելու համար, ինչպես նաև կենտրոնական խաչմերուկներում, գյուղական համայնքների մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղադրելուն։