Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը սուբսիդավորում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիրը

05.04.2019

Գործադիրը հաստատել է ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը:

Կառավարության 2017 թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսվում էր մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ, աջակցել գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը:

Ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցային համակարգերը պարտադիր պետք է տեղեկայվեր կապալառու կազմակերպության կողմից: Պիլոտային ծրագրում առկա խոչընդոտները պարզելու նպատակով նախարարությունում և մարզերում կազմակերպվել են քննարկումներ բանկերի, կապալառու կազմակերպությունների, այգեգործությամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա ծրագիրը լրամշակվել է:

Ներկայացվող ծրագրով նախատեսվում է, որ կարկտապաշտպան ցանցային համակարգերը կարող են տեղակայվել ինչպես կապալառու կազմակերպության, այնպես էլ տնտեսավարողի կողմից: Ծրագրով առաջարկվող մատչելի մեխանիզմների կիրառմամբ հնարավորություն կստեղծվի 2019 թ. շուրջ 250 հա խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, որը երաշխիք է կարկտահարությունից պտղի և խաղողի բերքի շուրջ 100 տոկոսով պաշտպանության: 

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն պտղատու և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքները։

Ծրագրի պայմաններն են՝

·         0,5 – 10 հա խաղողի կամ ինտենսիվ պտղատու այգի

·         2 % տոկոսադրույք,

·         կոոպերատիվների և սոցիա­լական աջակցություն ստա­­ցող սահմանամերձ բնակավայրերի հա­մար՝ 0 %,

·         վարկի մարման ժամկետը՝ մինչև 7 տարի,

·         արտոնյալ ժամկետ՝ մինչև 1 տարի:

Ըստ շահառուի ցանկության՝ կարկտապաշտպան ցանցերը կարող են տեղակայվել կամ կապալառու կազմակերպության կամ շահառուի կողմից։

      Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն չափերն են՝

Ա. Կապալառու կազմակերպության միջոցով տեղակայելու դեպքում՝

·               խաղողի այգի՝ 36 մլն դրամ,

·               ինտենսիվ պտղատու այգի՝ 85 մլն դրամ:

          Բ. Շահառուի միջոցով տեղակայելու դեպքում՝

·               խաղողի այգի՝ 28.8 մլն դրամ,

·               ինտենսիվ պտղատու այգի՝ 68 մլն դրամ:

Գործընթաց

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին՝

-       «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ

-       «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ

-       «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

-       «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ

-       «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

-       «Արդշինբանկ» ՓԲԸ

-       «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ

      Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ հեռ. 011-52-34-11; 011-52-37-93 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20