Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է իրանցի գործարարներին

11.04.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին և իրանցի գործարարներին: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին այցելության համար՝ մարզպետ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորում է մարզում ներդրումային ծավալների ընդլայնումը և Հայաստան-Իրան համագործակցությունը նաև այս համատեքստում:

«Մենք ուրախ ենք, որ դուք նույնպես կարևորում եք երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, հատկապես՝ տնտեսական ոլորտում»,- նշել է մարզպետ Սարգսյանը:

«Եվրասիական շուկայի բիզնես տուն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Ջավադ Վայիդին ներկայացրել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակներ ունեն: Վերջինիս խոսքով՝ այս կենտրոնը լինելու է մասնավոր, համախմբելու է իրանցի գործարարներին, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ իրականացնել:

«Մենք թե՛ հայ, թե՛ իրանցի գործարարներին կապող օղակ ենք լինելու, որպեսզի կարողանան հետագայում ճիշտ համագործակցել: Մեր հիմնական նպատակն այն է, որ մասնավոր ընկերություններին կարողանանք ճիշտ ուղղորդել պետական հիմնարկներ՝ համագործակցության համար: Մեր նպատակն այն է, որ իրանցի գործարարների ուշադրությունը գրավենք դեպի Հայաստան»,- մանրամասնել է Ջավադ Վայիդին:

Մոհսեն Ռահիմին էլ իր խոսքում նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան նահանգի հետ, և այս համագործակցությունը ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հատուկ ուշադրության կենտրոնում է:

Մարզպետ Սարգսյանն ընդգծել է, որ մարզում ներդրում իրականացնել ցանկացող յուրաքանչյուր գործարարի պատրաստ է աջակցել՝ շեշտելով, որ պետք է այնպես անել, որ մեր երկրից գոհ լինեն:

Մոհսեն Ռահիմին մարզպետին նաև հրավիրել է Հայաստանում մայիսի 4-7-ը «Prom Expo» կազմակերպության կողմից կազմակերպվելիք ցուցահանդեսին: Մարզպետը սիրով ընդունել է հրավերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20