Նորություններ
Քննարկում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության հաստատման մասին» օրենքի շրջանակներում
15.04.2019
Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության հաստատման մասին օրենքի շրջանակներում այսօր Արարատի մարզպետարանում կայացած քննարկմանը մասնակցել են մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպօանության բաժնի, սոցիալական տարածքային ծառայությունների ու հասարակական կազմակերպությունների, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության և ՄԱԿ-Ի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանը, ողջունելով ներկաներին, խոսել է 2018թ. հունվարին ընդունված օրենքի կարևորության մասին և շեշտել, որ այս ոլորտում հաջողությունների հասնելու համար խիստ կարևոր է բոլոր պատկան մարմինների համաձայնեցված աշխատանքը: Այնուհետև Նելլի Դուրյանը ներկայացրել է վերջին 9 ամիսների ընթացքում Արարատի մարզում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ կազմված ամփոփագրերը, որոնց ցուցանիշը բավականին բարձր է այլ մարզերի հետ համեմատականում. 173 ամփոփագիր, 94 նախազգուշացում, գրանցված 173 բռնարար:
Հանդիպմանը ներկա հոգեբան Արշակ Գասպարյանը, անդրադառնալով օրենքի կիրառման արդյունավետությանը, ևս կարևորել է համագործակցված աշխատանք ծավալելն ու խոսել մարզերում իրազեկվածության բարձրացումից:
Հանդիպման ավարտին քննարկում է ծավալվել սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների և ոստիկանության համագործակցության, ցանկացած ահազանգով ոստիկանի հետ գործառույթի իրականացման և սոցիալական բլոկի կողմից ընտանեկան բռնությանն արձագանքնելու երևույթների վերաբերյալ: