Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին
15.04.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին: Մարզպետի ու Իգոր Չերնիշենկոյի բանակցությունների թեման ՀՀ Արարատի մարզի և ՌԴ մարզերի միջև գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի, ձեռնարկատիրության, մշակութային, մարդասիրական և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցությանն էր ուղղված:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Գարիկ Սարգսյանը նշել է, որ Արարատի մարզպետարանը բաց է ռուս գործընկերների հետ համագործակցության համար:
«Ձեր այցը փաստում է, որ միջռեգիոնալ հարաբերությունները և՛ Ձեզ, և՛ մեզ համար կարևոր են: Մենք մի քանի հուշագրեր ենք ստորագրել ռուսական մարզերի հետ, սակայն չենք ուզում, որ դրանք մնան միայն թղթի վրա, մենք ուզում ենք ավելի թարմացնել մեր համագործակցությունը: Ցանկություն ունենք նաև հարթակ ստեղծել գործարար համագործակցության, ինչպես նաև ՌԴ-ում հայկական ապրանքի համար նոր շուկաներ ունենալու համար»,- ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա նշել է, որ այս պահին Արարատի մարզը համագործակցության հուշագիր ունի ստորագրած ՌԴ Ռոստովի շրջանի հետ, այն թարմացնելու ցանկություն կա. «Ոչ միայն Ռոստովի, այլ նաև ՌԴ այլ շրջանների հետ մեր համագործակցությունը սերտացնելու ցանկություն ունենք: Այդ մասով ցանկանում ենք, որ ռուս ներդրողները նույնպես գան Արարատի մարզ, գործարար դաշտը բաց է, ինչու չէ՝ նաև հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ ունենանք մեր մարզում»:
Իգոր Չերնիշենկոն էլ իր խոսքում կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի միջև սերտ համագործակցությունը: Ռուս սենատորի խոսքով՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ցանկությունը երկուստեք է:
Հանդիպումից հետո Գարիկ Սարգսյանն ու Իգոր Չերնիշենկոն այցելել են Խոր Վիրապի վանք: Արմատներով հայ Իգոր Չերնիշենկոյին ներկայացվել է վանքի պատմությունը: Մարզպետն ու սենատորը շրջել են վանքի տարածքում, իջել փոսը, որտեղ ժամանակին պահվել է Գրիգոր Լուսավորիչը:
Խոր Վիրապում առաջին անգամ գտնվող սենատորը լրագրողների հետ զրույցում նշել է՝ շատ է հավանել վանքը, ուրախ է այցելության համար: «Ես այստեղ շատ հարազատներ, ընկերներ ունեմ, տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Հայաստանում»,- ասել է նա:
Վերջինս հույս է հայտնել, որ Արարատի մարզ այցելություններն առավել հաճախակի բնույթ կկրեն: