Նորություններ
Մարզպետը շրջել է Սիփանիկում, ծանոթացել գյուղացիների խնդիրներին
17.04.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փոխմարզպետ Արթուր Մկրտչյանի և մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության աշխատակից Արմեն Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Սիփանիկ գյուղ։ Համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները մարզպետին ներկայացրել են առկա խնդիրները, որից հետո Գարիկ Սարգսյանը շրջել է գյուղում, ծանոթացել գյուղացիների ապրելակերպին։
Սիփանիկցիների բողոքները տարբեր են՝ գյուղի մի մասը ոռոգման ջրի խնդիր ունի, իրենց համար գերխնդիր է նաև կոյուղին։ Չնայած խնդիրներին՝ գյուղացիները մարզպետի հետ զրույցում շեշտել են՝ սիրում են իրենց Սիփանիկն ու չեն պատրաստվում արտագաղթել։
Մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ վստահեցրել է՝ մարզպետարանի համար առաջնահերթ են բնակիչների խնդիրները, փորձում են ուժերի ներածին չափով լուծումներ գտնել երկար տարիների ընթացքում առաջացած բոլոր խնդիրների համար։ Ինչ վերաբերում է գյուղի մի մասում ոռոգման ցանցի բացակայությանը, ապա մարզպետն ընդգծել է՝ այդ հարցը շուտով լուծում կստանա։
Տեղեկացնենք, որ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվելիք ծրագրով՝ Սիփանիկում առաջիկայում կկառուցվի ոռոգման ցանց։ Նախագծի արժեքը 12.000.000 ՀՀ դրամ է։ Արդեն իրականացվել է նախահաշվարկ, առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները։