Նորություններ
Արտաշատի ԲԿ-ում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն
03.05.2019
Արտաշատի բժշկական կենտրոնում այսուհետ կկատարվի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն։ Դեռևս շաբաթներ առաջ ԲԿ-ն վերազինվել է նոր, գերժամանակակից, Siemens ընկերության 2018 թվականի արտադրության համակարգչային տոմոգրաֆով /КТ/: ԲԿ-ում տեղի է ունեցել կաբինետի պաշտոնական բացումը, որին մասնակցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և պաշտոնատար այլ անձինք:
Կարևոր իրադարձությունը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանի և Արտաշատի ԲԿ-ի տնօրենի անմիջական ջանքերով:
Կարևորելով կաբինետի բացումը՝ մարզպետ Սարգսյանը վստահեցրել է, որ բուժծառայությունը հասանելի է լինելու հասարակության խոցելի խմբերի համար, ինչպես նաև ներդրվելու է մատչելի գնային քաղաքականություն՝ որակյալ ու բարձրակարգ սպասարկում ապահովելով մարզի ողջ բնակչությանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր խոսքում նշել է, որ միտված է տարածաշրջանի բնակչությանը հասանելի ու բարձրակարգ բուժծառայություններ մատուցելուն:
Համակարգչային տոմոգրաֆը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր օրգան համակարգերի խորացված հետազոտությունները՝ տալով բարձրագույն ճշգրտությամբ հստակ տեղեկատվություն: Կաբինետում կաշխատի բժիշկ-ռադիոլոգ Օֆելյա Ալիխանյանը, ով համատեղությամբ աշխատում է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: