Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը

06.05.2019

Կայացել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, գործարարներ՝ ՀՀ-ից և արտերկրից, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլք:

Ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Ողջունելով ներկաներին՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է մարզի ողջ պոտենցիալն ու հետագա զարգացման տեսլականը: Վերջինիս գնահատմամբ՝ մարզերում գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում, և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է։

«Այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին` հաստատելով գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: Նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում մեր կողմից որդեգրված տնտեսական հեղափոխության իրականացման գործընթացին։

Համոզված եմ, որ սույն համաժողովը կնպաստի Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է մարզում առկա հսկայական ներուժը»,- իր խոսքում ասել է մարզպետ Սարգսյանը:

Գարիկ Սարգսյանը վստահեցրել է՝ յուրաքանչյուր գործարարի ցուցաբերվելու է առանձնահատուկ մոտեցում. «Պատրաստ ենք կապող օղակ դառնալ շահագրգիռ կողմերի միջև՝ չխնայելով ժամանակ և էներգիա Արարատի մարզը շենացնելու համար»:

Բիզնես համաժողովին ելույթով է հանդես եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, բացարձակ առաջնահերթություն է:

«Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այսօր ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության և գաղափարի մասին, որ պետք է գործնականում դրվի տնտեսական հեղափոխության հիմքում:

Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում: Ո՞րն է քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսի՞ն էր իրավիճակն այդ հեղափոխությունից առաջ և հետո: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. ՀՀ քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել, կամ եթե կարող է անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Իսկ այդ համակարգում ո՞վքեր էին արել ինչ-որ բան. դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա` կիսաաստվածներ, ովքեր կարող էին որոշել ճակատագրեր, ովքեր սահմանափակված չէին ոչնչով, նրանք, այո, կիսաաստվածային կարգավիճակ ունեին Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա շեշտել է՝ հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, ովքեր օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք. «Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրն ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Սա այն իներցիան է, որը մեզ այսօր խանգարում է»:

Ներկայացվել են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերն ու հաջողված փորձերը։

Համաժողովում բացվել էր նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Գարիկ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը շրջել և ծանոթացել են մարզի ձեռնարկությունների արտադրանքին:

Ամփոփելով «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները՝ վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներից ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին:

«Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը: Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված է եղել հարցը` մենք պետք է ընտրենք արտեզյան ավազանը, թե՝ ձկնարտադրությունը: Հետևաբար, այն լուծումը, որ այսօր առաջարկվեց, հույս ունեմ, որ իսկապես հաջողված է: Լուծումը տեղի է ունենալու ագրարային համալսարանի մասնակցությամբ: Մեր պատկերացումը համալսարանների գործունեության հետ կապված այդպիսին է, որովհետև համալսարանը դիպլոմ բաժանող չէ, այլ գործ անող ու լուծումներ առաջարկող: Ուզում եմ քաջալերել համալսարանի նոր ղեկավարությանը, որ նրանք այդ պրոցեսը շարունակեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ սա արդեն նմանատիպ երրորդ համաժողովն է:

«Ի՞նչ պետք է արվեն այստեղ ներկայացված նյութերը: Կառավարության դերն այս ողջ պրոցեսում պետք է հստակ լինի: Մեր հաջորդ փիլիսոփայական մակարդակի խնդիրը գործընկերային կորպորատիվ համակարգ ներդնելն է: Մարդ կա, որ ունի փող` չունի գաղափար, մարդ կա` ունի գաղափար, չունի փող: Մեր հին տնտեսական մտածողության խնդիրը հետևյալն է. մարդն աշխատում է գործընկեր չունենալ: Նոր ժամանակի ամենակարևոր խնդիրն է ներդնել այնպիսի մշակույթ, որ գործարարը կարողանա գործարարին վստահել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը պետք է հավաքի երեք համաժողովների ընթացքում ներկայացված բոլոր բիզնես առաջարկները և այդ փաթեթները ենթարկի մասնագիտական փորձաքննության` հասկանալու, թե գաղափարը որքանով է ռեալ և իրականանալի:

«Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները պետք է իրենց եզրակացությունը ներկայացնեն: Մենք ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակ, որտեղ էլ իրականանալի ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն, որպեսզի պոտենցիալ գորընկերները կարողանան միմյանց գտնել»,- ասել է վարչապետը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20