Նորություններ
Գրական ցերեկույթ՝ նվիրված եզդի բանաստեղ Օրդիխանե Լազգիին
15.05.2019
ՀՀ Արարատի մարզի Արալեզ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գրական միջոցառում՝ նվիրված եզդի բանաստեղծ Օրդիխանե Լազգիին ու նրա ստեղծագործություններին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ուսուցչուհի Հաջե Բաքոյանը՝ եզդի և հայ աշակերտների մասնակցությամբ:
Տիկին Բաքոյանը հայերեն և եզդիերեն ներկայացրել է Օրդիխանե Լազգիի համառոտ կենսագրությունը՝ անդրադառնալով նաև նրա գրական ժառանգությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, ՀՀ վաստակավոր լրագրող, Եզդի գրողների մասնաճյուղի նախագահ Հասան Թամոյանը և այլք:
Գրական ցերեկույթին կարևորվել է հայ-եզդիական բարեկամությունը: Հասան Թամոյանն իր խոսքում երախտագիտությամբ ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետությունում են ստեղծվել աննախադեպ պայմաններ եզդի համայնքի պահպանության և զարգացման համար:
Հյուրերը հատկապես շեշտը դրել են եզդի համայնքի շրջանում կրթության դերի բարձրացման, ինչպես նաև եզդիերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական ունակություններն ավելացնելու վրա: Հասան Թամոյանը նաև կոչ է արել ծնողներին ուշադրություն դարձնել հատկապես եզդի աղջիկների կրթությանը: