Նորություններ
Պարույր Սևակի հիշատակի օր
18.06.2019
Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ 1971 թվականին ավտովթարից զոհվել է Սևակը։
Մարզպետարանի աշխատակիցները, մի շարք գրողներ, բանաստեղծի մեծ երկրպագուները, համագյուղացիները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վթարի վայրում տեղադրված հուշաքարի և գրողի գերեզմանաքարի դիմաց։
Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Սևակի տուն-թանգարանում։
«Այսօրը շատ կարևոր է մեզ համար։ Սա ամենափոքր բանն էր, որը մենք կարող էինք իրականացնել։ Պարույր Սևակի մասին խոսելը շատ դժվար է։ Որևէ բանաստեղծի կարդալիս յուրաքանչյուր ընթերցող առաջնահերթ ստեղծագործության մեջ փնտրում է հեղինակին՝ քնարական հերոսին նույնականացնելով կամ շփոթելով հեղինակի հետ։ Պարույր Սևակի պոեզիան այն բացառիկներից է, որի յուրաքանչյուր տողում պարզ երևում է հեղինակը՝ իր բոլոր խոհերով, նաև՝ մարգարեությամբ»,- ելույթի իր խոսքում ասել է Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը։
Հիշարժան այս օրը տեղի է ունեցել նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Միջոցառումներն իրենց կատարումներով գեղեցկացրել են «Կարին» ավանդական երգի-պարի համույթն ու «Գեղարդ» երգչախումբը։