Նորություններ
Արարատի մարզպետը Մասիսում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը
25.06.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք։
Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
Մարզպետը վարչապետի և կառավարության մյուս ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել նորաբաց մարզահամալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին։
Լրագրողների հետ զրույցում մարզպետը ողջունել է նման ծրագրերի իրականացումը։
«Կցանկանայի մյուս քաղաքներում նույնպես տեսնել նման ընտանեկան մարզական համալիր, եթե համայնքային բյուջեն էլ չբավականացնի, գոնե բարերաների միջոցով կառուցվեն»,- ասել է Գարիկ Սարգսյանը։
Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:
Մասիսի զարգացման հիմնադրամն Արարատի մարզի Մասիս քաղաքում նաև ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կառուցելու նախագիծ է մշակել: ԹՈՒՄՈ Մասիսը շահագործման կհանձնվի 2 տարվա ընթացքում: