Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը

28.06.2019

 Այսօր տեղի է ունեցել Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ պատրաստ է համայնքապետերի հետ առավել հաճախ հանդիպել՝ առկա խնդիրները լսելու, լուծումները միասին գտնելու համար։

«Եկեք մտածենք մեր բնակիչների բարեկեցության մասին, ուս ուսի տված լուծենք բոլոր խնդիրները»,- իր խոսքում ասել է մարզպետ Սարգսյանը։

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել համայնքներում ջրամատակարարման խնդրին։ Մարզպետին ներկայացվել է համայնքներում առկա իրավիճակը, վերջինս էլ պատասխանատու մասնագետներին հանձնարարել է խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալ։

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանն էլ իր հերթին համայնքի ղեկավարներին խնդրել է ջրամատակարարման խնդրի մասին մարզպետարանին տեղյակ պահել անմիջապես։

Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավարներին հորդորել է նաև բարեխղճորեն վերաբերվել իրենց աշխատանքին, քաղաքացիների բողոքներին արագ արձագանքել և սահմանված ժամկետներում լուծումներ տալ։

Մարզխորհրդի նիստին զեկույցներով են հանդես եկել Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետի  պաշտոնակատար Լեռնիկ Խաչատրյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Դանիելյանը, Քաղաքաշինության վարչության  պետի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։

Իր զեկույցում Հասմիկ Դանիելյանը նշել է, որ  համայնքներում հսկողություն իրականացնող համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողություն։ Իրականացված  հսկողության արդյունքում բացահայտվել են որոշակի թերություններ և խախտումներ։

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն էլ ներկայացրել է, որ արդեն ընթացքի մեջ է ծիրանի բերքահավաքը։ Նրա փոխանցմամբ՝ այս տարի միջին բերքատվությունը ցածր է, հուսադրող և ուրախացնող է առանձին տարածքների համեմատաբար բարձր բերքատվություը,  իրացման բարձր գները:

Անդրադառնալով ոռոգման ջրի մատակարարմանը՝ Հայկազ Տերտերյանն ընդգծել է, որ համայնքներում առ այսօր հաջողվել է իրականացնել անխափան ջրամատակարարում՝ բացառությամբ մի քանի համայնքների, որտեղ որոշակի լուծելի խնդիրներ են եղել։

Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարն էլ զեկուցել է, որ այս տարի Արարատի մարզի 50 համայնքներից սուբվենցիա ստանալու համար Կառավարություն ներկայացրած շուրջ 80 հայտերից 48-ն արդեն հավանության են արժանացել։

Վերջինս ևս մեկ անգամ համայնքապետերին հորդորել է հնարավորինս հետևողական լինել, որ ծրագրերի ողջ ընթացքը իրականացվի պատշաճ մակարդակով, ցանկացած հարցի դեպքում էլ դիմել մարզպետարան։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31