Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը

28.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է գույքագրել և ըստ լուծման հրատապության նախարարություն ներկայացնել խմելու ջրի խնդիր ունեցող համայքների անվանացանկը։ Նրա խոսքով խնդրի համակարգային լուծումը անհրաժեշտ է դիտարկել պետություն-մասնավոր հատված ձևաչափի շրջանակներում, այդ իսկ պատճառով ոլորտի տնտեսվարողների հետ հարկավոր է քննարկել ու համաձայնեցնել տեղորոշված համայնքներում խմելու ջրի ներքին ջրագծերի անցկացման և ջրամատակարարման ցանցի բարելավման ներդրումային ծրագրերը։

Խորհրդակցության ընթացքում մարզպետներին է ներկայացվել նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի թվով հինգ նիստերի ընթացքում հաստատված ծրագրային հայտերը։ Համաձայն դրա ՀՀ մարզերից հանձնաժողով է ներկայացվել 352 հայտ, որից հաստատվել է 330-ը՝ շուրջ 16մլրդ դրամ արժողությամբ։ 20 ծրագրի մասով շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, 125 ծրագիր գտնվում է մրցութային փուլում, որոշ նախագծեր դեռևս գտնվում են լրամշակման և նախամրցութային փուլում։

Նախարարը խոսել է նաև մարզերում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական ծրագրերի մասին և հորդորել մարզպետներին աջակցել շինարարական աշխատանքների անխափան ապահովման ընթացքին։

Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20