Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը
17.07.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարար Պապիկյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի՝ 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6 տոկոսով։ Միաժամանակ նախարարը մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրություններ անցկացնել ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքներում, բացահայտել դրանց պատճառները և ներկայացնել խնդրի հաղթահարման համակարգային լուծումներ։
Խոսելով հանրապետության ներմարզային և միջմարզային երթուղային ցանցում առկա խնդիրների մասին՝ նախարարը նկատել է, որ միասնական երթուղային ցանցի ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է հստակեցնել ուղևորահոսքի ծավալները։
Երկրում իրականացվող խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ՀՀ մարզերի տարբեր համայնքներում մեկնարկած շինարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և դրանք կյանքի կոչելու նպատակով նախարարը մարզպետներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով համայնքներին տեխնիկական, մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ տեղերում նախագծերի մշակման աշխատանքների գործում։