Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու

12.08.2019

Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:

Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Փոքրիկ բնակիչներին բանիմաց ու փորձառու մասնագետները կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչներն իրենց այս հետաքրքիր առօրյայում հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:

Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:

«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը: «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ», - ներկայացնելով նախագծի մանրամասները՝ պատմեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:

«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:26:10