Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Էկոնոմիկայի փոխնախարարի հետ շրջայց է կատարել մարզում

20.08.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի քանի համայնքներում:

Մարզպետի և փոխնախարարի առաջին կանգառը Վերին Դվին համայնքն էր: Այստեղ, որպես աշխատասեր մարդու օրինակ, բոլորն առաջինը հիշում են Իոսիֆ Դինխոևին, ով գրեթե 100 հեկտար այգի ունի: Շուրջ 25 հեկտարը ելակի այգին է, որը մշակվում է կաթիլային ոռոգման համակարգով: Զբաղվում է նաև ծիրանի, դեղձի, լոլիկի, սմբուկի մշակությամբ:

Վերջինս պատմում էր՝ արտերկրում ապրող ընկերներն են ոգեշնչել այգիներ ստեղծել, մասնագիտությամբ գյուղատնտես չէ, իսկ հաջողության իր գրավականն անվերջ աշխատանքն է:

Ասորի ֆերմերը միայն այս տարի ելակից ու ծիրանից 120 տոննա բերք է ունեցել. այն իրացնում է Հայաստանում, արտահանում նաև Ռուսաստանի Դաշնություն: Սեզոնին վերջինիս այգիներում աշխատում է 100 գյուղացի, իսկ մշտական 20-25 աշխատող ունի: Այսքանով, սակայն, Դինխոևը կանգ առնել չի շտապում: Ստացած բերքը նաև տեղում վերամշակելու ծրագիր ունի:

Հաջորդ համայնքը, ուր կանգ առան պաշտոնյաները, Քաղցրաշենն էր: Այստեղ էլ գործարարի կողմից սկսվել է խաղողի այգիների տնկումն ու դրան կից գինու-կոնյակի գործարանի կառուցումը:

Գարիկ Սարգսյանն ու Արտակ Քամալյանը շրջել են ողջ տարածքում, ծանոթացել կատարված ու կատարվելիք աշխատանքներին:

Գործարանում կարտադրվեն հայկական խաղողի մաքրասորտ գինիներ և զուտ հայկական խաղողի սպիրտից ստացվող կոնյակներ, որոնք կիրացվեն թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում, ընդ որում` գինու շշերի վրա կնշվեն նաև տեղանքի և սորտի անունները: Կառույցն ամբողջությամբ կծառայի նաև որպես գիտաուսումնական բազա, քանի որ այստեղ կիրառվելու են հողամշակության, ոռոգման և գինեգործության ամենաառաջավոր տեխնոլոգիաներ:

Ներկայումս ծրագրի շրջանակներում ամեն օր, միջին հաշվով, աշխատում է 15 մարդ, իսկ գինու-կոնյակի գործարանի կառուցումից հետո մշտական աշխատատեղերի թիվը կհասնի 50-60-ի:

Վերջիններս շրջայցի ընթացքում եղել են նաև Սուրենավան համայնքում: Նիդերլանդներում մշտական բնակություն հաստատած Մհեր Գրիգորյանը հայրական Սուրենավանում էկոտուրիզմ զարգացնելու նախագիծ ունի: Արդեն ընթացքի մեջ են հյուրատան կառուցման աշխատանքները: Այստեղ վերջինս 17 հեկտար ծիրանի այգի ունի: Ծիրանի չրից էլ օղի արտադրելու նպատակ ունի: 

Նրանց բոլորի հետ հանդիպմանը մարզպետը վստահեցրել է՝ կանգնելու է նրանց կողքին և հնարավորինս աջակցելու է իրենց ծրագրերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18