Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտոնական հաղորդագրություն

30.09.2019

 

Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի և համայնքի մի շարք բնակիչների կողմից այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, հետևաբար Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի:
Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Գարիկ Սարգսյանն իրենց առաջարկել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապատեղեկատվություն է, իրականության հետ աղերսներ չունի նաև պնդումը, որ համայնքի նախկին ղեկավարը ավագանու կողմից իրականացվող գործողություններից անտեղյակ է եղել:
Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշմանը նախորդել է ուսումնասիրությունների հետևյալ ընթացակարգը.
Նորաշեն համայնքի ղեկավարի՝ 06.09.2019թ. Արարատի մարզպետին հասցեագրված գրության համաձայն՝ 2019 թվականի մարտի 6-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 6-ը արձանագրվել է 3 նիստեր չկայանալու հանգամանքը: Ըստ համայնքի ղեկավարի՝ ավագանու նիստերը չեն կայացել ավագանու անդամների կողմից նիստերի իրավազորությունը չապահովելու պատճառով: Սակայն, այստեղ բացակայում է հիմնավորումները, որ նիստերը չեն կայացել ավագանու անդամների կողմից ոչ հիմնավորված և կամայականորեն նիստերին չներկայա¬նալու պատճառով:

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Արարատի մարզպետարան համայնքի ավագանու կողմից ուղարկվել է ավագանու 10.09.2019թ. արձանագրությունը Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը:

Գրությանը հետևել է մարզետ Գարիկ Սարգսյանի կողմից 12.09.2019թ. արձակված թիվ ՄԿ/209-2019 կարգադրությունը, որի համաձայն՝ ստեղծվել է աշխատանքային խումբ համայնքի ավագանու նիստերի հրավիրման և անցկացման ընթացակարգերի ու իրավական պահանջների պահպանման գործընթացի ուսումնասիրություն իրականացնելու համար:
Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
ՏԻՄ օրենքի կարգավորումներին համապատասխան՝ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի հրավիրման օրենսդրական կարգավորումներով անհրաժեշտ տեղեկատվությունն, այդ թվում՝ նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին հրապարակումն ամբողջությամբ պետք է տեղադրված լինի համայնքային պաշտոնական համացանցային կայքում:
Նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին հրապարակումն իրականացվում է 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ համայնքի պաշտոնական համացանցային կայքով հրապարակման միջոցով, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը: Նորաշեն համայնքի համայնքային պաշտոնական համացանցային կայքի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը ՏԻՄ օրենքի դրույթներով իրեն վերապահված պարտականություններն չի կատարել՝ իր անգործությամբ հանգեցնելով ավագանու նիստերի չկայացմանը:
Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ, որն էլ հաստատվում է համայնքի պաշտոնական համացանցային կայքից արված լուսանկարներով և պաշտոնական համացանցային կայքում /http://norashengp.am/ Pages/Home/default.aspx/ առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ:
Այսպիսով, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ, որն էլ հաստատվում է հետևյալով. հրավիրած բոլոր նիստերով համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորելու համար աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ չեն ներկայացվել գրավոր հարցեր, օրենքի խախտմամբ են ձևավորվել որոշման նախագծերը, որոնց պետք է կցվեին դրանց ընդունման հիմնավորումը, հարցերը նախապես չեն քննարկվել ավագանու իրավասու հանձնաժողովում, հետևաբար քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը չի կցվել ավագանու նիստի օրակարգի նյութերին՝ խախտելով ավագանու անդամների՝ օրակարգի և որոշումների նախագծերի կազմանը մասնակից լինելու և կարծիք հայտնելու օրենսդրական իրավունքը, համայնքի պաշտոնական համացանցային կայքից արված լուսանկարներով և պաշտոնական համացանցային կայքում առկա տեղեկատվության ուսումնասիրմամբ, որից պարզ է դառնում, որ Նորաշեն համայնքի ղեկավարը չի կատարել համայնքի ավագանու հերթական նիստը վեց ամսվա ընթացքում երկու ամիսը մեկ անգամ հրավիրելու և վարելու ՏԻՄ օրենքով սահմանված ընթացակարգային պահանջները, որից կարող ենք եզրակացնել, որ ավագանու նիստեր չեն հրավիրվել և կայացվել՝ խախտելով նաև տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության սկզբունքը:

Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո, խմբի կազմված ուսումնասիրության ակտը Նորաշեն համայքնի ավագանու 10.09.2019թ. արձանագրությունը Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ Արարատի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան ընթացք տալու համար:
Սեպտեմբերի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Արարատի մարզպետարան է ստացվել գրություն, որով հայտնել են, որ նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Միևնույն ժամանակ համայնքի բնականոն առօրյան չխաթարելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարաման մարմիններին վերապահված լիազորոթյունների շարունակականությունն ապահովելու նպատակով խնդրել են նշանակել Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչն էլ արվել է Արարատի մարզպետի համապատասխան կարգադրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-12 17:02:59