Նորություններ
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Արարատի մարզը հաջողություններ է գրանցել
09.10.2019
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր կայացել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի և ՀՀ մարզպետների հետ նույնպես մասնակցել է միջոցառմանը:
Արարատի մարզային թիմերն այս տարի կրկին հաջողություններ են գրանցել մրցույթում: Տափերական համայնքից Արամյանների ընտանիքն անհատական մրցաձևում առաջ է անցել մյուս թիմերից՝ գրավելով առաջին հորիզոնականը: Արտաշատից Հովակիմյանների ընտանիքն էլ անհատական մրցաձևում գրավել է 3-րդ մրցանակային տեղը:
Մրցանակային տեղեր գրաված ընտանիքներն արժանացել են դրամական մրցանակների. 1-ին տեղ ՝ 500. 000-ական դրամ, 2-րդ տեղ ՝ 400.000-ական դրամ, 3-րդ տեղ ՝ 300.000-ական: Որպես մրցույթի ամենակրտսեր մասնակից՝ Վաչե Հովակիմյանը ստացել է 100.000 դրամ պարգև:
Վերջիններս պարգևատրվել են նաև հավաստագրերով և հուշագրերով, որոնք հանձնել են մարզպետները:
Նշենք, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի անցկացվել է Ծաղկաձորում հոկտեմբերի 6-9-ը: 6 մրցաձևերին իրենց մասնակցությունն են ունեցել ընտանիքներ՝ մարզերից, Արցախից և Երևանից: Արարատի մարզից մրցույթին մասնակցել է 6 ընտանիք, որոնցից երկուսը՝ հաշմանդամություն ունեցող:
Շնորհավորում ենք մեր մասնակիցներին՝ մարզը պատվով ներկայացնելու համար: Մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ: