Նորություններ
Մարզպետը ներկա է եղել Նարեկում հուշակոթողի բացման և Սուրբ Նահատականց մատուռի օծման հանդիսավոր արարողությանը
18.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Նարեկ համայնքում Երկրապահ կամավորների միության Արտաշատի տարածաշրջանային կառույցի կողմից Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման և Սուրբ Նահատականց մատուռի օծման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և ԵՄԿ վարչության այլ անդամներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նահատակված տղաների փառքը հավերժացնող հուշակոթող կանգնեցնելու համար:
«Մենք խոնարհվում ենք մեր տղաների հիշատակի առաջ, փառք ենք տալիս այն տղաներին, ովքեր ընկան՝ պաշտպանելով մեր երկրի սահամանները: Փառք մեր նահատակված տղաներին, փառք ապրող տղաներին: Նրանք կռվեցին և զոհվեցին, որպեսզի մենք ապրենք, և մենք պարտավոր ենք հիշել նրանց սխրանքները»,- ելույթի իր խոսքում ասել է մարզպետ Սարգսյանը:
ԵԿՄ Արտաշատի տարածաշրջանային միության նախագահ Մնացական Մարգարյանն էլ նշել է՝ քանի որ մեր տղաները հիմնականում լեռներում են զոհվել, այդ պատճառով էլ որոշվել է հուշակոթողն ու մատուռը կառուցել հենց սարերի մեջ. «Կռված տղաներով երդվեցինք՝ մի կառույց սարքենք, որպեսզի մեր մարտական ընկերները հիշվեն դարերով: Մեր ընկերները մեր ձեռքերի մեջ են մահացել, մեր կողքին, փառք նրանց հիշատակին»:
Մանվել Եղիազարյանն էլ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնց շնորհիվ կառուցվել է մատուռն ու հուշակոթողը:
Մատուցվել է նաև հոգեհանգստի կարգ: