Նորություններ
Մշակութային տոն՝ Հովտաշատում
06.11.2019
Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզում բերքի տոնն այս տարի յուրահատուկ ձևով են նշել. երեխաները ներկայացրել են սլավոնական, վրացական, չինական, հնդկական ու արցախյան խոհանոցներն իրենց ողջ գեղեցկությամբ:
«Համայնքներում կազմակերպվում են աշնան տոներ, այս տարի այդ տոնը որոշեցինք ավելի մեծ շուքով նշել: Միջոցառմանը մասնակցել է ոչ միայն մեր մանկապարտեզը, այլև Արգավանդի, Գեղանիստի, Սայաթ-Նովայի, Այնթապի, Զորակի մանկապարտեզները», - ներկայացրել է «Շուշան» մանկապարտեզի տնօրեն Աննման Անդրեասյանը:
Իր տեսակով յուրահատուկ այս միջոցառումն ուղեկցվել է երգ ու պարով, խոհարարական վարպետության դասով, որն անցկացրել է Խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ներկա են եղել նաև Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանն ու մարզպետարանի Կրթության բաժնի աշխատակից Անահիտ Խուդավերդյանը: Վերջիններս շրջել են տաղավարներում, համտեսել բոլոր սեղաններից:
«Արցախը ներկայացնող ուտեստների սեղանի մոտ ավելի երկար կանգնեցի: Ուրախացա, որ մանկապարտեզի երեխաները պատրաստում են ժինգյալով հաց»,- ասում է Սեդրակ Մամուլյանը:
Հաջորդ տարի ավելի մեծ մասշտաբներով նմանատիպ միջոցառում կազմակերպելու ծրագրեր ունեն: