Նորություններ
Արարատի մարզպետը ՀՀ ՏԿԵՆ-ում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը
06.11.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։
Այս առնչությամն նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։ Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացքում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։
Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաև համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիայի ծրագրերի շինաշխատանքներում որակական նորմատիվների և ժամկետների պահպանման, օրակարգում ընդգրկված այլ հարցերից բխող հանձնարարականների կատարման վրա։