Նորություններ
Մեծածավալ շինարարական աշխատանքներ Երասխում
12.11.2019
Արարատի մարզի Երասխ համայնքում պետական տարբեր ծրագրերով իրականացվում են շինարարական լայն աշխատանքներ:
Այստեղ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինասավորմամբ կա սուբվենցիոն 2 ծրագիր՝
1. Համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի կառուցում,
2. Մայիսյան փողոցի կոպճապատում և ջրահեռացման համակարգի կառուցում:
Համայնքից տեղեկանում ենք, որ Մայիսյան փողոցի կոպճապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս պահին շարունակվում են համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները:
Բուռն ընթացքի մեջ է նաև Կառավարության ֆինանսավորմամբ ամիսներ առաջ մեկնարկած Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխի օղակաձև հրապարակ իրականացվող 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունն անում է ամեն հնարավորը ՝ սահմանված ժամկետում՝ դեկտեմբերին ճանապարհը շահագործման հանձնելու ուղղությամբ:
Երասխում ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ Տարածքային Զարգացման հիմնադրամի և համայնքապետարանի 10% համաֆինանսավորմամբ վերակառուցվում է դպրոցի չշահագործվող մի մասնաշենքը, որի առաջին հարկում կտեղակայվի համայնքի մանկապարտեզը, երկրորդ հարկը կտրամադրվի դպրոցին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ: Մինչ այժմ Երասխի երեխաները հաճախում են հարակից համայնքների կրթօջախներ:
Դպրոցի այս մասնաշենքը նախատեսված է շահագործման հանձնել հաջորդ տարի: