Նորություններ
Հայ-չինական բարեկամությանը նվիրված միջոցառում՝ Զորակում
13.11.2019
Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անունը կրող միջնակարգ դպրոցում 2016 թ. բացված Չինական մշակույթի կենտրոնում նոյեմբերի 11-ին կայացել է միջոցառում՝ նվիրված հայ-չինական բարեկամությանը:
«Բացահայտենք Չինաստանը» խորագրով միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան, Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները ներկայացրել են չինական և հայկական մշակույթի առանձնահատկություններն՝ չինարենով և հայերենով, ներկաներին զարմացրել չինարենի գերազանց իմացությամբ: Երկու ազգերի ավանդական երգով ու պարով համեմված միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում:
Ավարտին չինացի հյուրերը Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել մարզում չինարենի զարգացմանը նպաստող պիլոտային ծրագրի իրագործման հարցում: