Նորություններ
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր՝ Արարատի մարզում
29.11.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի համայնքապետերի, մարզի ՋՕԸ-ների տնօրենների հետ: Մարզպետն ու հանդիպմանը ներկա Ջրային կոմիտեի ԾԻԳ-ի պատասխանատու Մամիկոն Գասպարյանը ներկայացրել են Եվրասիական Զարգացման Բանկի վարկավորմամբ և համայնքների 10% տոկոս համաֆինանսավորմամբ մեկնարկող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը:
Արարատի մարզից ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 32 համայնք, սակայն, խնայողությունների հաշվին, հնարավոր է, ավելանա համայնքների թիվը:
Կարևոր այս ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզում ընդհանուր մոտ 80 կմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնում՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամով:
Ծրագրին մասնակցել ցանկացող համայնքները մինչև 2020 թվականի հունվարի 21-ին պետք է կատարեն առաջին 5% վճարումը, մնացածն՝ ավելի ուշ: Մամիկոն Գասպարյանը նշել է, որ ամեն ինչ արվում է, որ համայնքների հետ պայմանագրի կնքումից, վճարումները կատարելուց հետո որքան հնարավոր է շուտ սկսվեն շինարարական աշխատանքները:
«Գումարը նախանշված ժամկետներում չփոխանցելու դեպքում համայնքը դուրս է մնում ծրագրից: Ըստ ժամկետի՝ շինարարական աշխատանքները կտևեն 17 ամիս»,- ներկայացրել է ԾԻԳ աշխատակիցը:
Մարզպետն իր խոսքում կոչ է արել համայնքապետերին մասնակցություն ունենալ այս ծրագրին, քանի որ այն մեծ ու կարևոր հնարավորություն է բնակիչների համար:
Հանդիպմանը ներկա համայնքապետերին Գարիկ Սարգսյանը հորդորել է նաև հետևողական լինել հարկերի հավաքագրման գործում: