Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթաց՝ Արարատի մարզում

11.12.2019

Արարատի մարզի Արաքսավան համանքում երեկ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից իրականացված անվճար խմբային դասընթաց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը:

Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, մասնավորապես` ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման և փոքր ու միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերին:

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արարատի բաժնի պետ Գոռ Գալստյանն իր խոսքում նշել է, որ բաժնի կողմից արդեն իսկ իրականացվել է 18 խմբային դասընթաց, դրանց մասնակցել են 270-ից ավել տնտեսվարողներ:

Նա նաև հավելել է, որ մարզի համայնքներում առավել մեծ հետաքրքրություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և «խելացի» անասնաշենքերի ծրագրերի նկատմամբ:

«Ֆերմերները, մասնակցելով դասընթացին, ծանոթանում են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող նորություններին: Նույն գործունեությամբ զբաղվող շահառուներին դասընթաց է մատուցվում խնդրո առարկա ոլորտում կիրառելի լուծումների վերաբերյալ: Դասընթացի ժամանակ ներկայացվում է նաև այլ ֆերմերների կողմից կիրառված փորձը», - իր հերթին նշել է Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետ Ծովինար Զաքարյանը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, սկսած 2019 թվականի հուլիսից, վարչության կողմից իրականացվել է 120 խմբային դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 1500 տնտեսվարողներ:

Նշենք, որ նման խմբային դասընթացը շարունակական բնույթ է կրելու տարբեր մարզերում, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-18 14:59:08