Նորություններ
Մարզպետն Արտաշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին
11.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների ուղեկցությամբ այսօր շրջել է Արտաշատ քաղաքում, ծանոթացել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Ծրագրով քաղաքում բարեկարգվում և ասֆալտապատվում է Շահումյան փողոցը, ինչպես նաև համայնքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19, 21, 23 շենքերի բակերը, Մարքսի փողոցի թիվ 3, 5, 7 շենքերի բակերը, Իսակովի փողոցի 47/2, 47/3 շենքերի բակերը։
Իրականացվում են նաև՝
✔փոսային նորոգումներ,
✔բազալտե եզրաքարերի փոխարինում,
✔դիտահորերի փոխարինում,
✔ճանապարհային նշանների տեղադրում:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 60 մլն 453 հազար ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է, համայնքինը՝ 55%:
Մարզպետին ներկայացրել են, որ եղանակային պայմանների և որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով աշխատանքի ավարտի սահմանված ժամկետը երկարացվել է, բայց ամեն ինչ անում են՝ հնարավորինս շուտ դրանք շահագործման հանձնելու համար: Գարիկ Սարգսյանն էլ հորդորել է վերացնել առկա թերությունները, շինարարությունն անել որակով և սահմանված կարգով: