Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանն ամփոփել է 2019 թվականը

20.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2019 թվականին մարզպետարանի կողմից կատարված աշխատանքները: Դրանք են.

1. Այս տարի ունենք 58 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1,5 միլիարդ ՀՀ դրամ արժեքով: Նախորդ տարի մարզում կար ընդամենը սուբվենցիոն 4 ծրագիր: Ծրագրերով իրականացվում են՝ ասֆալտապատում (24 համայնքում), լուսավորության ցանցի կառուցում (7 համայնքում), ջրագծերի կառուցում և վերակառուցում (4 համայնքում), ոռոգման ցանցերի կառուցում և վերակառուցում(5 համայնքում), գազաֆիկացում (3 համայնքում), մանկապարտեզի հիմնանորոգում և վերանորոգում (7 համայնքում), մշակույթի տների վերանորոգում և կառուցում (3 համայնքում), այգու կառուցում (2 համայնքում), սպորտային խաղադաշտի կառուցում (1 համայնքում), գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում (1 համայնքում), հանդիսությունների սրահի կառուցում (1 համայնքում):

2. 2019 թվականի կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով մարզի 22 համայնքներում իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր՝ 415 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Դրանք են՝ 11 համայնքում՝ ոռոգման ցանցի անցկացում և վերակառուցում, 8 համայնքում՝ խմելու ջրագծի կառուցում և վերակառուցում, 1 համայնքում՝ մանկապարտեզի տանիքի վերանորոգում, 2 դպրոցում՝ ջեռուցման համակարգի կառուցում

3. Արարատի Զոդ Բանավան թաղամասում մարտի սկզբին վերսկսվել և ընթանում է փակ դրենաժի կառուցման աշխատանքները. կառուցումը կիսատ էր մնացել 2017 թվականից: Արդյունքում շենքերի նկուղները կմաքրվեն գրունտային ջրերից: 

4. Ոռոգման համակարգի արդիականցման ծրագրերով իրականացվել են նաև՝ Ուրբան ծրագրով՝ 3 համայնքում, ՀՀ պետական բյուջեով՝ 3 համայնքում: 

2020թ-ի համար Ջրային կոմիտեի ԾԻԳ֊ի կողմից նախատեսված է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր՝ 2 միլիարդ 440 միլիոն դրամ նախահաշվային գումարով, 77 կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում՝ 31 համայնքներում։

5. Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում մարզում ընթանում է 5 կենսական նշանակության ճանապարհի ասֆլատպատում՝ ընդհանուր 10 կմ երկարությամբ: Դրանք են՝ Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Դեղձուտ (1.36 կմ)‚ Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ), Այգեզարդ (1,9 կմ): Այս տարի ավարտին կհասցվի դրանցից 3 -ը՝ Վերին Արտաշատ-Հնաբերդ- Գետազատ, Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն և Դեղձուտ ճանապարհահատվածները: Մյուս 2 -ը շահագործման կհանձնվեն արդեն հաջորդ տարի:

6. Կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է նաև Սիս գյուղի ճանապարհը՝ ընդհանուր 2,3 կմ :

7. Մանկապարտեզ է բացվել մարզի 4 համայնքում, որոնցից՝ Ռանչպարում, Աբովյանում, Վերին Դվինում, Դաշտաքարում:

8. Վերաբացվել է 2 մանկապարտեզ՝ Կանաչուտում, Դիտակում:

9. Ամբողջություամբ հիմնանորոգվել է նաև Այգավանի մանկապարտեզը:

10. Գրեթե ավարտին է մոտեցել Խարբերդի դպրոցի կառուցումը: Այն աշակերտների առաջ իր դռները կբացի արդեն 2020 թվականին:

11. Խոշոր ծրագրերով վերանորոգում է իրականացվել՝ Այնթապի դպրոցում՝ պատուհանների փոխարինում, Նորամարգի և Սիսավանի դպրոցներում՝ սպորտդահլիճների վերանորոգում, Ներքին Դվինի դպրոցում՝ սանհանգույցի վերանորոգում

12. 2020 թվականին կիրականացվի նաև՝ Արտաշատի թիվ 3 դպրոցի ճաշարանի վերանորոգում, Բաղրամյանի դպրոցի սանհանգույցների վերանորոգում, Դարբնիկ դպրոցի պատուհանների և դռների փոխարինում, Զորակի դպրոցի սանհանգույցների վերանորոգում, Կանաչուտի Գ. Եփրեմյանի անվան դպրոցի դասասենյակի վերանորոգում, Վարդաշենի բուժամբուլատորիայի կառուցում, Մարմարաշենի դպրոցի սանհանգույցի վերանորոգում, Դարբնիկի Ժ. Եսայանի անվան դպրոցի պատուհանների փոխարինում, Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան դպրոցի սպորտդահլիճի պատուհանների փոխարինում:

13. 2019թ-ին խաղողի մթերման ծավալները գրեթե կրկնակի ավելացել են: 18 ձեռնարկություններում խաղողի մթերումը, օպերատիվ տվյալներով, կազմել է 110.000տ՝ 2018թ-ի 62.623 տ-ի դիմաց: 6 պտուղ-բանջարեղեն վերամշակող ձեռնարկությունների մթերումն, ընդհանուր առմամբ, կազմել է 33.431 տ՝ 2018թ-ի 18.782 տ-ի դիմաց:

14. Մարզում ունենք ներդրումային մի շարք ծրագրեր: Ի՞նչ ծրագրեր են դրանք:
- Երևան-Արտաշատ մայրուղու հարակից տարածքում գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, հյուրատուն։ Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի՝ իրացման և գնումներ կատարելու համար։
Վերջնական արդյունքում կներդրվի մոտ 4.5 մլն $ գումար։
- Քաղցրաշեն համայնքում գործարարի կողմից իրականացվում է խաղողի այգիների տնկում ու դրան կից գինու-կոնյակի գործարանի կառուցում: Կարտադրվեն հայկական խաղողի մաքրասորտ գինիներ և զուտ հայկական խաղողի սպիրտից ստացվող կոնյակներ, որոնք կիրացվեն թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։ Ներկայումս ծրագրի շրջանակներում ամեն օր միջին հաշվով աշխատում է 15 մարդ, իսկ գինու-կոնյակի գործարանի կառուցումից հետո մշտական աշխատատեղերի թիվը կհասնի 50-60-ի:
- Մարզում սոյայի աճեցման ներդրումային ծրագիր կա: Ներդրողի կողմից մարզի տարբեր համայնքներում վարձակալվել է ընդհանու 115 հա վարելահողեր, ընթանում են հողի նախապատրաստման և բարեկարգման աշխատանքներ: Ըստ ծրագրի՝ սոյայի աճեցման համար գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի սերմացու և պարարտանյութ, ինչպես նաև՝ մասնագիտական խորհրդատվություն, իսկ ստացված բերքը կընդունվի վերամշակման: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել վերամշակման գործարան, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը:
- Այսօր արդեն Արտաշատ քաղաքում բացվել է «Արտ պրոդուկտ» պտուղ-բանջարեղենի վերամշակման մինի գործարանը: Նախատեսում են աշխատողների թիվը հասցնել մինչև 80-ի: Ամբողջ ներուժով աշխատելու դեպքում տարեկան արտադրական ծավալը կհասնի մինչև մեկ միլիոնի: Արտադրելու են պահածոներ, թարմ հյութեր։ Արտադրանքը կարտահանվի նաև Ռուսաստանի Դաշնություն։ Այս պահին կատարված ներդրման ծավալը կազմում է մոտ 0.5 մլն $։
- Մարզում վերականգնվում է նաև բամբակագործությունը: «Ուզբեկ Տեքստիլ» ընկերության կողմից այս տարի Հայանիստ համայնքում 200 հեկտարի վրա բամբակ է ցանվել: Գործարանը գրեթե պատրաստ է, այն կգործարկվի հաջորդ տարի: Կստեղծվի 300 աշխատատեղ:

15. Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային Բանկի ռեսուրսներով 1-ին փուլով իրականացվում է Խոր Վիրապ վանական համալիրի հարակից հատվածում գտնվող կայանետեղիի, կից ճանապարհների բարեկարգում և կանաչապատում, առաջիկայում Դվին հնավայրում կսկսվի նաև հուշարձանների վերականգնման աշխատանքները, իսկ Տուրիզմի կոմիտեի միջոցներով կկառուցվի թանգարան։

16. Մեր գործուն աջակցությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ հաջորդ՝ 2020 թվականին, կհիմնանորոգվի նաև Գառնի-Լանջազատ ճանապարհը: Ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է՝ որից 10 կմ-ը մեր մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:

17. Արտաշատի, Մասիսի, Վեդու, Արարատի ԲԿ-ներում և Վեդու ծննդատանն ավելացել են համավճարով և վճարովի ծառայությունների մուտքերի գումարները : Մարզի առողջապահական կազմակերպություններում 2019 թվականի 11 ամիսների մուտքերը կազմել են 606.2 մլն ՀՀ դրամ՝ ավելանալով շուրջ երկու անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

18. Տարիների ընթացքում կուտակած պարտքերն են մարել Արտաշատի, Վեդու, Արարատի ԲԿ-ները: Արտաշատի ԲԿ-ում եղել է 216 միլիոն կրեդիտորական պարտք, Վեդու ԲԿ-ում 59 միլիոն, Արարատի ԲԿ-ում՝ 14 միլիոն 759 հազար ՀՀ դրամ, որոնք անցնող տարում ամբողջովին մարվել են :

19. 2019 թվականին մարզում մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը համալրվել է անոթային, պլաստիկ, էնդոկրին վիրաբուժության և մանկական ինֆեկցիոն ծառայություններով:

20. Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է համակարգչային տոմոգրաֆով: Բուժկենտրոնը ձեռք է բերել նաև լապորոսկոպիկ սարք:

21. Ավարտվել է Վեդու բժշկական Կենտրոն լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման ծրագիրը, բուժկենտրոնը ձեռք է բերել նաև նոր թվային ուլտրաձայնային համակարգ, գնվել է նաև հիվանդանոցային 25 մահճակալ:

22. Արմաշի առողջության կենտրոնում իրականացվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ, պահեստի և խոհանոցի կառուցում:

23. Վեդու ծննդատանն իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր է եղել վերանորոգել գինեկոլոգիական բաժանմունքի սանիտարական սենյակը, սանհանգույցները, ևս 4 հիվանդասենյակ, նորացվել է ջեռուցման համակարգը:

24. Արարատի մարզի համայնքների 2019 թվականի սեփական եկամուտների հավաքագրումը դեկտեմբերի 19-ի դրությամբ 2018 թվականի տարեկանի համեմատ աճել է 184.437.500 դրամով: Բյուջեի կատարման տոկոսը 2019 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ կազմում է 100,9%:

25. Անցնող տարում մարզպետարանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է 443 մարդ:

26. 2019թ. ընթացքում ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության վճարման համար ֆինանսավորվել է 3 մլրդ. 263մլն. 436 հազար դրամ, մարզի սոցիալական ծառայությունների կողմից այս ամսվա դրությամբ վճարումը կազմել է 2 մլրդ. 400 մլն. 439 հազար 500 դրամ:

27. 2019 թվականին նպաստառու ընտանիքները պակասել են 202-ով, 7489-ի փոխարեն կազմելով 7287:

28. Մարզում ներդրվել է նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Մարզում այս ծրագրի 60 շահառու ունենք։

 


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27