Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը

25.12.2019

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որն անցկացրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ մարզպետը շնորհավորել է Տափերական համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Խաչատրյանին՝ նրան մաղթելով բեղուն աշխատանք:

Անցնող տարին մարզի համար հատկապես կարևորվել է ճանապարհաշինությամբ: Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին՝ մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունում խորհրդական Լևոն Գրիգորյանը նշել է, որ 2019 թվակականին իրականացվող սուբվենցիոն 58 ծրագրերից շատերն արդեն ավարտական փուլում են, որոշներն էլ՝ ավարտին կհասցվեն արդեն հաջորդ տարի:

Այս համատեքստում մարզպետը նկատել է, որ Կառավարությունը խստապահանջ է:

«Միշտ չէ, որ հանդիպում ենք բարեխիղճ շինարարի, ինչի պատճառով էլ որոշ ծրագրեր ավարտին կհասցվեն հաջորդ տարի: Անորակ գործերը չեն ընդունվելու, Կառավարությունը չի վճարելու անբարեխիղճ շինարարին»,- իր խոսքում շեշտել է Գարիկ Սարգսյանը:

Վերջինս ուրախությամբ նկատել է, որ մի քանի համայնքից արդեն 2020 թվականի սուբվենցիոն հայտեր են ստացվել: Նա նաև տեղեկացրել է, որ մի շարք կարևոր ծրագրեր կան, որոնք կյանքի կկոչվեն 2020 թվականին:

Զեկույցով հանդես եկած մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանն էլ ընդգծել է, որ անցնող տարում մարզում ոռոգման ջրի հետ կապված գրեթե խնդիրներ չեն առաջացել. նաև այս առումով է տարի բարեհաջող եղել: Հ. Տերտերյանը կոչ է արել աջակցել ջրօգտագործող ընկերություններին գումարների հավաքագրման ընթացում՝ հաջորդ տարի խնդիրներից զերծ մնալու համար:

Գյուղվարչության պետը նիստին ներկա համայնքապետերին կոչ է արել նաև հողօգտագործողներին ևս մեկ անգամ տեղեկացնել գյուղատնտեսական կուլտուրաների ապահովագրության մասին, քանի որ դրա ժամկետն ավարտվում է փետրվարին:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանն էլ ուշադրություն է հրավիրել մանկապարտեզներում հիգիենայի կանոնների խիստ պահպանմանը:

«Մանկական կազմակերպությունների բոլոր աշխատողները, ովքեր գործ ունեն երեխաների սպասարկման ու սննդի պատրաստման հետ, պարտադիր պետք է անցնեն հիգիենիկ ուսուցման դասընթացներ, սննդի բլոկի/սպասարկման/ աշխատակիցները պետք է պահպանեն սննդի պատրաստման տեխնոլոգիայի սանիտարական պահանջները»,- նշել է Հասմիկ Գասպարյանը:

Համայնքապետերին գույքահարկերը, հողահարկերը վճարելու հորդորով դիմել է նաև Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը:

Նիստի ավարտին մարզպետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցության՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

«Շնորհակալ եմ համագործակցության համար: Այս տարի մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունեցանք, որոնցով մասամբ բարելավվեց մեր մարզի բնակիչների կյանքը: Հաջորդ՝ 2020 թվականին, էլ ավելի մեծ եռանդով պետք է աշխատենք»,- եզրափակել է Գարիկ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:39:20