Նորություններ
Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի
21.01.2020
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում կվերանորոգվի, ինչպես տարեվերջյան ասուլիսի ժամանակ նշել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Շենքը կբարեկարգվի բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:
Բուժհաստատության շենքային պայմաններին ծանոթանալու համար էլ մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արտաշատի պոլիկլինիկա:
Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի և կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով:
Գարիկ Սարգսյանը նշել է, որ մարզի մյուս պոլիկլինիկաների շենքերի բարեկարգում նույնպես դիտարկվում է: Համապատասխան ուսումնասիրություններ են արվում, որից հետո միայն պարզ կլինի այդ պոլիկլինիկաներում նույնպես վերանորոգում սկսելու ժամկետները:
Նշենք, որ Արտաշատի ԲԿ-ում 2018 թվականին ունեցել ենք 216 միլիոն կրեդիտորական պարտք, որը զրոյացված է: 2019 թվականին այս ԲԿ-ում մուտքերը կազմել են 422 միլիոն դրամ: