Նորություններ
Մարզպետն ու ՍԱՏՄ պետը հանդիպել են մարզի անասնապահների հետ
31.01.2020
Այսօր Արարատի մարզպետարանում մարզի ֆերմերների համար հանդիպում էր կազմակերպվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և վերջինիս խորհրդական Արթուր Շատվորյանի հետ: Հանդիպման ժամանակ ֆերմերներին ամենից շատ հուզող հարցը՝ սպանդանոցների հարցն է: Հիշեցնենք, որ սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար այս տարվա հունվարի 15-ից, սակայն ֆերմերների և մսավաճառների բարձրացրած բողոքից հետո սկսվեց քննարկումների նոր փուլ:
Մասնավորապես, այս տարվա հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարելով սպանդանոցներում մորթ անելու գործադիրի որոշմանը՝ հայտարարեց, որ թեմայի շրջանակում խորհրդակցություն է արել, տվել է կոնկրետ հանձնարարական, համաձայն որի՝ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տրանսպորտային տեխնիկայի ձեռբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։
Բացի դրանից՝ կառավարությունը մարզպետարանների և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ կձևավորի նախընտրելի սպանդանոցների քարտեզ, և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են։ Նա նաև նշեց, որ որոշումը կընդունվի մի դեպքում, եթե մեր հայրենակիցների համար ընդունելի է, որ իրենք մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն և այս պրոցեսը մինչև վերջ տանեն:
Այսօրվա քննարկման ժամանակ ֆերմերներին ևս մեկ անգամ հիշեցրեցին այդ որոշման մասին:
Նրանց շարքերում կային մարդիկ, որոնք ցանկություն ունեն սպանդանոցներ կառուցել և հետաքրքրվեցին, թե ինչ ընթացակարգ պետք է անցնել դրա համար, ինչը և նրանց հանգամանալից բացատրվեց:
Նրանց նաև հետաքրքրում էր 5-րդ ձևի փաստաթութղը ստանալու գործընթացը: Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ եթե ցանկություն ունեն սպանդանոց կառուցելու, ապա նրանք պետք է ԱՁ բացեն, որպեսզի ստանան 5-րդ ձևը և կառուցեն իրենց սպանդանոցը ինչի համար որևէ հավելյալ վճար չի կատարվում: Եղան նաև մարդիկ, որոնք ասացին, որ առաջարկություններ ունեն այս խնդիրների վերաբերյալ և Գեորգի Ավետիսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել նաև այդ առաջարկները:
Նշենք նաև, որ մինչև ֆերմերների հետ հանդիպումը Արթուր Շատվորյանը, ՍԱՏՄ աշխատակիցները, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելեցին Մասիսում գտնվող «Ոսկե կացին» սպանդանոց: Սպանդանոցի տնօրեն Արմոնդ Հախվերդյանը նրանց ներկայացրեց, թե ինչպիսի պայմաններում են իրականացնում մորթը: