Նորություններ
Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ
14.02.2020
Արարատի մարզի Խաչփար գյուղում այսօր բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ:
Բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության խոհրդական Դմիտրի Ստեպանովը:
Գաստրո բակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից: Բակերի նպատակն է հնարավորություն ընձեռել գյուղաբնակներին հյուրընկալել զբոսաշրջիկների և հյուրերի՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 Գաստրո բակեր:
«Արտ թակարդ» Գաստոր բակը՝ տուն-արվեստանոց է, որի տարածքում հյուրերը կարող են շրջել քանդակների այգում, համտեսել ավանդական հայկական ուտեստներ, ծանոթանալ հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներին, ինչպես նաև փորձել սեփական ուժերը հայկական վայելչագրության մեջ: Ինչը և փորձեցին հրավիրյալները:
Իր խոսքում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասաց, որ շատ ուրախ է, որ այս տարվա Գաստրո բակի մեկնարկը տրվում է Արարատի մարզում ու թեև մարզի Փոքր Վեդի համայնքում կա Գաստրո բակ, սակայն, սա առաջինն է Հայաստանում, որտեղ արվեստն է գնահատվում:
«Հայաստանում նման բաներ հիմնականում տուրիստական ուղղություններում է արվում: Խաչփար համայնքը դուրս էր այդ տուրիստական ուղղություններից, բայց շատ լավ է, որ ուշադրություն է դարձվում նաև նման համայնքներին: Փորձենք այս հաճելի անկյունն ունենալով՝ այս ուղղությունն էլ դարձնել տուրիստական ուղղություն»,- ասաց մարզպետը:
Նա նաև նշեց, որ կփորձեն բոլոր գործընկերների հետ միասին՝ համայնք, մարզպետարան, կառավարություն, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչություն, ուժերը համատեղել և Արարատի մարզում ավելի շատ նման գեղեցիկ անկյուններ ստանալ և զբոսաշրջային ուղղությունները, նաև ներքին զբոսաշրջության համար ավելի մատչելի ու տեսանելի դարձնել: