Նորություններ
Կստեղծվի սոցիալական շտապ օգնության համակարգ
02.03.2020
Սոցիալական ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է սոցիալական շտապ օգնության համակարգի (այդ թվում՝ մթերային բանկի) ձևավորում: Համակարգի ձևավորումը թույլ կտա արտակարգ՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում հայտնված, անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) սոցիալական խնդիրների լուծման հարցում արագ արձագանքել:
Վերոնշյալ ծրագրի տեղայնացման նպատակով Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, հասարակական և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ծրագրի իրականացման համար մրցութային կարգով հաղթող ճանաչված «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները մանրամասնորեն պարզաբանումներ են ներկայացրել սոցիալական շտապ օգնության ծրագրի մասին, համաձայնություն է ձեռք բերվել հասարակական և առևտրային, ինչպես նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հետ հուշագրերի կնքման վերաբերյալ: