Նորություններ
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները՝ Խոր Վիրապում
10.03.2020
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Խոր Վիրապի վանական համալիրում էին։ Նրանց դիմավորել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Կարևոր առաքելություն ունեցող քայլարշավի անդամներն արդեն քանի օր է՝ Արարատի մարզում են։ Հյուրընկալվում են համայնքներում, շփվում տեղացիների հետ։
Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համախմբման նպատակով նախաձեռնված քայլարշավը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերին Նյու Դելիից՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի առիթով։ Աշխարհի 14 պետությունում շրջելու մտադրություն ունեցող խմբի նպատակը սեպտեմբերին Ժնև հասնելն է, որտեղ էլ կմիանան տեղական նախաձեռնությունների ութօրյա համաժողովին։ Քայլարշավի հիմքում ընկած են Մահաթմա Գանդիի գաղափարները, ով իր ողջ կյանքում պայքարել է հանուն արդարության, խաղաղության և հավասարության՝ ընտրելով բացառապես ոչ բռնի մեթոդները։
Ողջունելով քայլարշավի մասնակիցներին՝ մարզպետն ասել է․ «Հետաքրքիր զուգահեռներ կան Մահաթմա Գանդիի, «Ջայ Ջագաթ» նախաձեռնության և 2018 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած քայլարշավների միջև։ Երբ նախատեսում էինք 2018 թվականի հեղափոխությունը սկսել քայլարշավով, մենք օրինակ էինք վերցրել Գանդիի՝ «Աղի երթ» կոչվող քայլարշավը։ Արդեն գրեթե 100 տարի անց քայլարշավի միջոցով կարողանում ենք վեր հանել խնդիրները, դրանց վրա սևեռել հասարակության ուշադրությունն ու հասնել մեր առաջ դրած նպատակներին»։
Նախաձեռնության մասնակիցներն էլ նշել են, որ շատ են հավանել մարզն ու տեղի հյուրընկալ բնակիչներին, ովքեր ամեն կերպ աջակցում են իրենց, հյուրասիրում տեղի բարիքներով։
Մասնակիցներն արդեն հյուրընկալվել են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Արարատից հետո Երևանն է, Կոտայքի, Տավուշի մարզերն ու հայ-վրացական սահմանը։
Մարզպետը հաջողություն է մաղթել այս կարևոր ու նվիրական գործում։